Պայթյունի պատճառները. Գյումրիից տեղեկացնում են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, ժամը 2. 30-ին պայթյուն է գրանցվել Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի 51 շենքի 31 բնակարանում: Կան տուժածներ:
1980 թվականին ծնված Արամ Հակոբյանը եւ 1984 թվականին ծնված Անժելա Գաբրիելյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել է դեմքի, պարանոցի, շնչուղիների, վերին եւ ստորին վերջույթների թերմիկ այրվածք՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի, այրվածքային շոկ, իսկ Անժելա Գաբրիելյանի մոտ ախտորոշվել են դեմքի քերծվածքներ, վերին եւ ստորին վերջույթների թերմիկ այրվածքներ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք համապատասխան բժշկական օգնություն են ստանում վերակենդանացման եւ վնասվածքաբանական բաժանմունքներում: Մանկահասակ Հրաչյան չի տուժել ու տեղափոխվել է հորեղբոր տուն:
Փորձեցինք պայթյունի պատճառների մասին տեղեկանալ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունից: «Էյ-ի-ջի» սերվիս ընկերության Գյումրիի ծառայության պետի տեղակալ Աղաբեկ Ծատուրյանը Henaran.am—ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Գիշերը էնտեղ եմ եղել: Էնտեղ նայել եմ, ոչ մի խախտում մեր կողմից չի եղել: Բաժանորդը անջատել է ազդանշանային սարքը, դա հաստատել է նաև վարձակալի հայրը: Եթե միացված լիներ, նման բան չէր լինի: Բնական գազի՞ց է եղել, թե՞ ինչից, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մասնագետները պետք է ասեն»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը չի խոսել տուժածների հետ, բայց փոխանցել են, որ ամուսինները անկողնում պառկած են եղել: Կինը սրտխառնոց է ունեցել, ամուսինը բարձրացել է, որ լույսը վառի, պայթյուն է եղել: Լույսը անջատելուց և միացնելուց բոլոր տեսակի անջատիչները կայծ են տալիս դրա համար, հաճախ են զգուշացնում, որ գազի հոտի առկայության դեպքում չմիացնել, կամ չանջատել անջատիչները:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք օդատարները աշխատել են, «Էյ-ի-ջի» սերվիս ընկերության Գյումրիի ծառայության պետի տեղակալ Աղաբեկ Ծատուրյանը պատասխանեց, <<Մենք ստուգել ենք նորմալ եղել է քարշը, այ սա է զարմանալի: Մեր նախնական տվյալներով մենք չենք կարող ասել, թե ինչից կարող է լինել: Ավելի լավ է, որ պայթյուն է եղել, քան, որ գազը լցվեր, թունավորվեին, մահանային: 5-15 տոկոս եթե գազ է լցվում, արդեն պայթյունավտանգ է, ուրեմն էդքան լցվել է>>: