«Ծառուկյան» դաշինքը շահագործվել է շնորհակալության փոխարեն (տեսանյութ)
«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող զարգացումները որակում է մի բառով՝ բրուտոսություն: «Եթե Ծառուկյանի ասածով դուրս չեն գալիս, դա դասալքություն է, նրանք դուրս եկան, որպեսզի հավեհարդար չլինի իրենց հետ իշխանության կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս կարծում է, որ սցենարիստը նկատել է, որ «Ծառուկյան» դաշինքը ինքնուրույնության բաներ է ցույց տալիս ու որպեսզի թույլ լինի, նման զարգացումներ եղան:
«Չի կարող Հայաստանում որևէ բան լինել առանց իշխանության մատի կամ մատնության, թե չէ ինչո՞ւ պիտի բավական ծանր պիտակ վերցնեին իրենց վրա: Իրենց դաշտում ագավորկա խախտելը համարվում է հանցագործություն, նրանք շատ լուրջ պատճառ են ունեցել, որպեսզի դուրս գան, իշխանության հաշվեհարդարից դուրս եկան»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:
Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ եթե սա զուտ տեխնիկական հարց է, մի մասը կարող է լեզու գտնել Ծառուկյանի հետ ու հետ մտնել մայր կուսակցություն: «Սովորաբար տեսել ենք, որ շատ ավելի լուրջ քաղաքական ու անձնական խնդիրներ են ջրվել, գնացել, բայց այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ մանդատ ստանալուց հետո կլքեն այդ խմբակցությունը և կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում»:
Վիգեն Հակոբյանը հայտնեց, որ հնարավոր չէ նոր Սահմանադրությամբ նոր խմբակցություն ստեղծել, և փաստացի միակ ելքը մնում է անկախ պատգամավորի կարգավիճակով հանդես գալ: «Իհարկե, սա մի քիչ ֆորմալ առումով է, ազատ պատգամավորներն ի վերջո նրանք են, ովքեր պիտի նեղացած լինեն Ծառուկյանից, ու իշխանության լրացուցիչ ռեսուրսը կարող են լինել»,-շեշտեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանն էլ չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի շուրջ կատարվող իրադարձությունների մեջ կա իշխանության մատը:
Ազատ Արշակյանն էլ ավելացրեց, որ այս պատգամավորներն ոչ միայն օրենքով են պաշտպանված, այլև քաղաքական կամքով:
«Ես չեմ արդարացնում Ծառուկյանին, բայց «Ծառուկյան» դաշինքը շահագործվել է շնորհակալության փոխարեն»,-եզրափակեց Ազատ Արշակյանը: