06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հռոմում Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդես է բացվել

Սեպտեմբերի 19-ին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի  կապակցությամբ ընդունելությունը, և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն” ցուցահանդեսի բացումը։

Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:  

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշեց. “Մեծապես խորհրդանշական օր է այսօր: Հայաստանը` հանդիսանալով քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը,  դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Սուրբ Աթոռում:            

Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան ` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում:   Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհավորելով մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ հաջողություններ եմ մաղթում դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում:     

Մեր փոխհարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն: Քրիստոնեական հավատքը դարձել է այդ առանձնահատուկ կապերի հիմքը:  

Հարաբերությունների ամրապնդման գործում իրենց նպաստն են բերել այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են` Սուրբ Ներսես Շնորհալին, Մխիթար Սեբաստացին և շատ այլ երախտավորներ: 

Միանգամայն խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը համընկնում է մեր երկրի Ազգային տոնի տարեդարձի հետ: Հայաստանի անկախության վերականգնմամբ, երկու տասնամյակ է, որ մեր երկրի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել։

Այս տարվա մարտին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկա գտնվեցին Ֆրանցիսկոս Պապի գահակալության հանդիսավոր պատարագին: Մոտ մեկ տարի դրանից առաջ ` 2011թ. դեկտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սուրբ Աթոռ և հանդիպեց Բենեդիկտոս XVI Պապի հետ:               

Անմոռանալի հիշողություններ ենք պահպանում 2001թ. Հովհաննես-Պողոս II Պապի` մեր երկիր կատարած պատմական այցից, որը տեղի ունեցավ Հայաստանում քրիտոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ՝ ի նշան Հայաստանի և Վատիկանի միջև բարեկամական կապերի և մեր երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների։

Հայաստանը բարձր է գնահատում 2000թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվեց նաև 2001թ.-ին:

Մենք հուզմունքով ենք հիշում Երևանում Հովհաննես-Պողոս II Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Ավե Մարիա»-ի հուզառատ կատարումը աշխարհում ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր թանկագին մաեստրոն մեզ հետ է նաև այսօր՝ այս արարողությանը”:

Նախարար Նալբանդյանը կարևորեց Սուրբ Աթոռի Քարտուղարության Պալատում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ  Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի արձանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրումը 2005թ.-ին և նրա անունով մերձակա հրապարակի անվանակոչումը 2008թ.-ին կատարվել են Հովհաննես Պողոսի II պապի կողմից: 

“Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը” – ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։  

Վատիկանում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացավ դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպեց դեսպանության աշխատակիցների հետ։    

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ