«Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուներ հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից.ԿԸՀ-ում թեժ է
«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից:
Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ նիստում հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանը ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան:
Մուկուչյանի խոսքով, ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացման, Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին:
Տիգրան Մուկուչյանը հերթով ընթերցեց դիմումները:
Մասնավորապես, Խաչիկ Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ ինքնաբացարկի դիմումը, քանի որ մինչ այն նա հայտարարել էր, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի գրել:
Խաչիկ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
ԿԸՀ-ում այս պահին թեժ իրավիճակ է: Նիստը հետաձգվեց 30 րոպեյով: