Կարծում եմ … եթե այդպես է … երևի թե մանդատ վերցնեմ. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում չի գրել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ պարզ չէ` կվերցնի մանդատը, կհայտնվի խորհրդարանում, թե կմնա իր պաշտոնին: «Ճիշն ասած` չգիտեմ, քանի որ դեռ նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Ինձ հետ քննարկում չի եղել: Կարծում եմ, որ եթե այդպես է հրապարակվել, երևի թե մանդատ վերցնեմ, ինձ ոչ մեկ ոչինչ չի ասել: Կամ կմնամ իմ աշխատանքին, անտեղյակ եմ` անկեղծ ասած»,-փոխանցեց մարզպետը:
Վերջինս հայտնեց, որ այս պահին շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Հարցին, թե որ աշխատանքն է նախընտրում, նա պատասխանեց. «Ինձ համար ժողովրդին ծառայելն ավելի հոգեհարազատ է` կլինի մարզպետարանում, թե Ազգային ժողովում, տարբերություն չեմ տեսնում: Արդար աշխատելն ու ժողովրդին ծառայելն եմ ես կարևորում»:
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակվեց ինքնաբացարկ հայտնածների ցանկը: ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել հետևյալ անձինք`Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Ամիրյան Արմեն, Զաքարյան Արտակ, Սահակյան Արման, Բոթոյան Կարեն, Սանամյան Սամվել, Առուշանյան Առուշ, Հակոբյան Վահե:
Մամուլն արդեն երկար ժամանակ է` գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Բոթոյանը: