26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհասկանալի ու տարօրինակ երևույթներ «Ծառուկյան» դաշինքի շուրջ

Արդեն պարզ է, թե որ պատգամավորներն են ինքնաբացարկ ներկայացրել, և ովքեր են հայտնվելու վեցերորդ գումարման խորհրդարանում: ԿԸՀ-ը երեկ հրապարակել է այս ցանկը, և դրանից հետո «Ծառուկյան» դաշինքում տարօրինակ երևույթներ սկսեցին: Բանն այն է, որ ինքնաբացարկի դիմում գրած անձանցից ոմանք հայտարարում են, թե իրենք ինքնաբացարկ չեն գրել:

Մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաև իր անվան առկայությունը: Նա ասել է, որ ինքնաբացարկի որևէ դիմում չի ներկայացրել ո՛չ որևէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, ավելին` ապրիլի 2-ից հետո տնից դուրս էլ չի եկել, որ դիմում ներկայացրած լիներ:

Հիշեցնենք, որ օրերս «Իրավունք» թերթը հարցում էր ուղարկել ԿԸՀ, թե Նապոլեոն  Ազիզյանը մանդատի դիմում մինչև ընտրությունները կամ ընտրություններից հետո ներկայացրել է, պատասխանել էին, որ Նապոլեոն Ազիզյանի անունով ոչ մի դիմում մինչև ընտրությունները և ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում չկա:

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը, ով, ըստ ԿԸՀ հրապարակած ցանկի, այն անձանց թվում է, ովքեր հրաժարվել են պատգամավորական մանդատից, ևս հայտարարել է, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Henaran.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԲՀԿ-ականներից կամ «Ծառուկյան» դաշինքի անդամներից: Հեռախոսազանգերին չեն պատասխանում ոչ Նաիրա Զոհրաբյանը, ոչ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը: Իսկ Լյովա Խաչատրյանն էլ, ով ևս ինքնաբացարկ հայտնած անձանց շարքում է, ասաց, որ հարցերին չի պատասխանում: Հարցրինք` իրեն արգելել են խոսել, ինչին արձագանքեց. «Ոչ, ինձ ոչ ոք չի կարող արգելել, բայց հարցերին չեմ պատասխանում»:

Նկատենք, որ «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված էին ու ԱԺ էին անցել նաև «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանն ու ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանը: Մանուկ Սուքիասյանն էլ մեզ ասաց, որ հարցերին չի պատասխանում. «Որոշ ժամանակ կանցնի, բոլոր հարցերին պատասխան կտամ»,-նշեց նա: Իսկ Արարատ Զուրաբյանի հեռախոսահամարն էլ անհասանելի է: Ի դեպ, ՀՀՇ-ում վստահ էին, որ Արարատ Զուրաբյանը վերցնելու է մանդատը: Հովհաննես Իգիթյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ այս խորհրդարանում էլ ներկայացուցիչ կունենան, ինչը ողջունելի է, ինչպես նախորդում Ալեքսանդր Արզումանյանն էր:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ, ով կլինի խորհրդարանում հարցին պատասխանեց , թե այս հարցերից ինքը տեղյակ չէ. «Խորասուզված չեմ տեխնիկական բնույթի հարցերի մեջ»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ