Մրցանակաբաշխություն կամ Արա Աբրահամյանի ծնունդն ու նվերները (տեսանյութ)
Երևանում այսօր կայացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2015»-ի արդյունքների ամփոփումն ու դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախ ողջույնի խոսքով հանդես եկան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Երկուսն էլ կարևորեցին այս միջոցառումը, մրցանակաբաշխությունը, ապա սկսվեց պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակային ֆոնդը կազմում է 42 մլն դրամ, նոմինացվել է 62 գիտնական։
Ի դեպ, պարզվեց, որ օրեր առաջ Արա Աբրահամյանը տոնել է 60-ամյակը: Այս մասին իր խոսքում նշեց Հրանուշ Հակոբյանն ու նրան նվեր հանձնեց: «Նենց տպավորություն է, որ սովետական միությունը վերականգնվել է: Այն ժամանակ էլ, երբ մեկը գալիս էր, պիտի անպայման մի բան նվիրեին»,-արձագանքեց Արա Աբրահամյանը՝ իհարկե ժպտալով: Իսկ նախարարն էլ ասաց, որ ծննդյան արարողությանը հրավիրված է եղել, սակայն չի կարողացել մասնակցել:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նույնն ասաց ու նվերը խոստացավ հանձնել առաջիկայում ԳԱԱ-ի շենքում:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ չնայած իրենց չեն հրավիրել, իրենք էլ պատվավոր նվեր են հանձնում: Արա Աբրահամյանը կատակեց, թե հրավերը հավանաբար տեղ չի հասել:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը ՌԴ հայերի միության նախագահին մրցանակ հանձնեց մեդալ, որի վրա գրված էր «հավատարիմ մասնագիտությանը», որից հետո մրցանակակիրը կատակեց, թե այսուհետ լրագրողներն ավելի զգույշ պիտի լինեն իր մասին գրելիս, քանի որ ինքը ոսկե մեդալ ունի:
Նկարիչների միությունն էլ հետ չմնաց ծննդյան շնորհավորանքների ու նվերների հանձնման շքերթից: Միության նախագահ Կարեն Աղամյանն էլ իր հերթին կատակեց, թե կարևոր չէ հրավիրված լինելը կամ չլինելը:
Վերջում էլ Արա Աբրահամյանը խնդրեց ներողամիտ լինել, քանի որ շատ աշխատանքի պատճառով հաճախ չի հասցնում ամեն ինչին հետևել, և հրավերներն էլ, եթե չեն եղել, ներողամիտ պիտի լինեն: Սակայն նա ընդգծեց, որ բոլորը պիտի նախաձեռնող լինեն, ինքը պատրաստ է ծրագրերի աջակցման գործում ակտիվ մասնակցություն ունենալ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում` քիչ անց: