Բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով՝ Հ. Նաղդալյանը վերջին քառօրյայի շուրջ
-ԱԺ նախորդ քառօրյայի ՝ ապրիլի 13-ի նիստի ժամանակ, այսպես ասած՝ ,,վինետկայի,, նկար կազմակերպեցիք՝ հայտարարելով, որ սա մեր վերջին նիստն է: Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա Ձեր կողմից ապատեղեկատվություն է եղել, քանի որ այսօր կրկին հրավիրվեց ԱԺ քառօրյա նստաշրջան:
-Որևէ ապատեղեկատվություն չկա, իրողությունն այն է, որ Ձեր նշած օրը, երբ մենք անցկացնում էինք հերթական քառօրյայի վերջին նիստը, դեռևս չկար բողոքարկում Սահմանադրական դատարան՝ որևէ քաղաքական ուժի կողմից: Եթե մինչև Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը չլիներ վիճարկող դիմում Սահմանադրական դատարանին, ապա այդ պարագայում դա, իսկապես, կլիներ վերջին քառօրյան և վերջին նիստը: Բայց իրադարձությունները այլ զարգացում ունեցան, դուք տեղյակ եք՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով և, բնականաբար, նախատեսված է նաև լրացուցիչ ժամանակ ՝ բողոքարկման դիմումը քննարկելու և պատասխանելու համար, ուստիև, այդ ընթացքում ԱԺ աշխատանքային օրացույցի համաձայն կարող էր տեղի ունենալ ևս մեկ քառօրյա, որն այսօր էր: