Սահմանվել է խիստ հսկողություն դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է վարչական շրջանում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով կազմել նախագիծ-նախահաշվարկ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է նախագծի պատրաստումից հետո անմիջապես մեկնարկել բուն շինարարական աշխատանքները:
«Նուբարաշենում այսօր գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ: Հիմնելով նորը` մենք ըստ էության կլուծենք տեղի բոլոր երեխաների մանկապարտեզ հաճախելու խնդիրը, ինչը ներկայում բնակիչների համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Նախօրեին լինելով Նուբարաշենում՝ տեղում ծանոթացել եմ նոր մանկապարտեզի համար նախատեսված շենքային պայմաններին: Մենք պետք է օր առաջ սկսենք աշխատանքներն ու հնարավորին սեղմ ժամկետում ավարտենք այն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում սահմանվել է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացման վերաբերյալ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Անդրադառնալով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները: