Հանդիպում քաղաքապետարանում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1379574470.jpg)
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:
Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարեւորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:
Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկնների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները:
“Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փաստաթղթային վերջին ձեւակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը եւ արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի”,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաեւ կազմակերպել առանձին քննարկում` որոշելու երկրորդ փուլով տրամադրվելիք բնակարանների առաջնահերթության հարցը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն