Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է
Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը` ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր, միության նախագահ Արմեն Մխիթարյանի հանդես է եկել հայտարարությամբ` Երեւան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններում ողջունելով Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հայտարարության մեջ նշված է, որ միության` Երեւանի քաղաքապետի նախընտրած թեկնածուն Տարոն Մարգարյանն է, քանի որ նա առավելագույնս տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ ունի դրանք լուծելու բավարար փորձառություն:
Միության հայտարարության մեջ երախտագիտությամբ է ընդգծված այն փաստը, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես աջակցում է միավորման երեւանցի անդամների, հաշմանդամ ու զոհված մարտընկերների ընտանիքների բազմազան խնդիրների լուծմանը:
<<Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորմանը տրամադրված Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հողատարածքի գործառույթների հետ կապված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական աջակցությունը զգալի էր. միավորման մոտ 120 անդամներին, հաշմանդամ եւ զոհված մարտընկերների ընտանիքներին տրամադրվեց հողատարածք բնակշինարարության համար: Չենք կարող չգնահատել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը: >>,-նշված է հայտարարության մեջ:
Միության անդամները հույս են հայտնել, որ այս ընտրություններում հաղթելու հավաստի երաշխիք է Տարոն Մարգարյանի ազնիվ ու անմնացորդ աշխատանքը: