«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին». Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպմանը
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով սոցիալական ու առողջապահական նշանակության ծրագրերի կյանքի կոչումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարին զգալի աշխատանքներ են տարվել այդ ծրագրերի մատուցումն ու հասցեականությունն ապահովելու ուղղությամբ:
«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով, մենք իրականացրել ու իրականացնում ենք սոցիալական և առողջապահական բազմաթիվ ծրագրեր:
Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել են մեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»
Որպես առողջապահության ոլորտում կատարած ծավալուն աշխատանք, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն առանձնացրել է առողջապահական հաստատությունների ջեռուցման, ինչպես նաև նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով ապահովման ծրագրերը:
«Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը մենք փորձել ենք փոխանցել նաև մեր մյուս համաքաղաքացիներին: Այս տարիների ընթացքում շատ անգամ եք համոզվել, որ մե՛զ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բոլոր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը:
Անցած 4 տարիների ընթացքում ամբողջությամբ լուծեցինք առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդիրը: Շարունակեցինք դրանց վերանորոգման ծրագրերն ու բժշկական նոր և ժամանակակից սարքավորումներով համալրումները: Այսօր մեր համայնքային ծառայողները, որոնց թվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանների, թատրոնների, թանգարանների աշխատակիցները, առողջապահական պարտադիր ապահովագրություն ունեն: Առաջիկա 5 տարիներին առողջապահական պարտադիր ապահովագրություն կունենան նաև մեր մանկապարտեզների աշխատակիցները», – նշել է Տարոն Մարգարյանը:
Բակային հանդիպումների ժամանակ բնակիչներին ներկայացնելով Հանուն հոգատար Երևանի զարգացման ծրագրերը, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ զարգացման հնգամյա այդ ծրագրի կյանքի կոչում ապահովվելու է Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ուղղվածության բոլոր ծրագրերի շարունակականությունը:
«Կապահովվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների վերանորոգման և ժամանակակից բժշկական սարքավորումներով վերազինման ծրագրի շարունակականությունը:
Ամբողջությամբ կհիմնանորոգվեն համայնքային ենթակայության պոլիկլինիկաները, նպատակային քայլեր կձեռնարկվեն առողջապահական կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում նաև մասնավոր ներդրումների ներգրավմամբ»:
Առաջիկա 5 տարիներին շարունակական են լինելու նաև բազմազավակ ու սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը: Կշարունակվեն կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի և կրթության կազմակերպման աջակցության ծրագրերը: Սոցիալապես անապահով անձանց համար կապահովվի դժվարամատչելի բժշկական անվճար հետազոտությունների կազմակերպումը:
«Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Հանուն Երևանի մեր նախընտրական ծրագիրը, որը շարունակությունն է Ավելի լավ Երևան ծրագրի և լինելու է մեր մեծ տան, մեր սիրելի Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ուղեցույցը:
Մեր պրոֆեսիոնալ ու բանիմաց թիմը ներկայացրել է հավակնոտ, բայցև իրատեսական ծրագիր, որը ձե՛զ հետ միասին, կարող ենք լիարժեք կյանքի կոչել: Եվ որպեսզի այն լիարժեք կյանքի կոչվի, մայիսի 14-ին՝պետք է վստահել ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի շարունակական զարգացումը», – նշել է Տարոն Մարգարյանը: