Դեդ Հասանի մերձավորի գործը՝ խիստ գաղտնի. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, ոստիկանության հատուկ կարեւորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի մերձավորներից մեկի՝ ծագումով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործը: Ռաֆիկ Մադոյանի վրա, որը Մոսկվայում գտնվող “Շաշլիկ-մաշլիկ” եւ “Նանի տուն” ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մահափորձ’ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ Ավագյանի հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Սայանսկի փողոցում գտնվող իր տունը:
Շքամուտքի դուռը բացելու պահին դիպուկահարը կրակ էր բացել Մադոյանի ուղղությամբ, որից տուժել էր միայն թիկնապահը: Թերթի տեղեկություններով, սակայն, սպանության նախապատրաստությունը, որը ՀՀ ոստիկանության քննչականի վարույթում է, առանձին գործ է եւ Սայանսկի փողոցում մահափորձի հետ ուղիղ կապ չունի:
Դրա շրջանակներում մայիսին կալանավորվել է 6 անձ, որոնք ”Նուբարաշեն” ՔԿՀ-ում են, եւ որոնց հետ այս 5 ամսվա ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ, ըստ մամուլում տեղ գտած եւ չհերքված տվյալների, ոստիկանությունը մոտ մեկ տարի զբաղվել է այս “հանցավոր խմբի բացահայտմամբ”:
“Ոչ մի ապացույց մեզ չեն ներկայացրել,- ասում է կալանավորված անձանցից մեկի’ Գեւորգ Պետրոսյանի հանրային պաշտպանությունն ստանձնած փаստաբան Վարդան Գրիգորյանը: – Հենց հիմա իմ պաշտպանյալն ակնհայտ ապօրինի պահվում է քրեակատարողական հիմնարկում, եւ նրան առանց ապացույցների մեղադրում են: Իմ պաշտպանյալին մայիսի 14-ից մինչ այսօր մի անգամ որպես կասկածյալ են հարցաքննել, մի անգամ էլ’ որպես մեղադրյալ: Ուրիշ ոչինչ”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: