«Քուչեն փակելու» իրավունք չկա
«Քարոզարշավի ընթացքում՝ քաղաքացիների հետ շփվելիս, մենք նկատում ենք ոգևորություն: Մարդիկ պատուհաններից գոռում են՝ «Ելք կա», ապա իջնում ներքև, զրուցում մեզ հետ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով՝ ավագանու թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը՝ ընդգծելով՝ «Ելք»-ն ապրիլի երկուսին քաղաքացուն ապացուցեց՝ տեր է կանգնել յուրաքանչյուր քվեի և , իսկապես, արժանի էր քաղաքացիների վստահությանը:
Անի Սամսոնյանն ընդգծեց՝ «Ելք»-ի քարոզարշավները, կարելի է ասել, անցնում են առանց միջադեպերի: «Միայն թե, վերջերս, ինչպես գիտեք, մի դեպք եղավ Աջափնյակում. քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի բողոքում էր, որ «Ելք» դաշինքի անդամները փակում են իրենց բակը, իր խոսքով ասած՝ որևէ մեկը իր քուչան փակելու իրավունք չունի: Այդ միջադեպից անմիջապես հետո Փաշինյանը ոստիկանություն զանգեց: Հետո պարզվեց՝ տվյալ անձը, ով փորձում էր խոչընդոտել «Ելք»-ի քարոզարշավին, Արման Սահակյանի վստահված անձն էր: Իսկ ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ քարոզարշավը նորմալ, իր հունով ընթանում է: