Բագրատյանն ասում է` չեն լսում
‘Ասում ենք՝ ինչի՞ համաձայն չեք 70 հազարին։ Ասում ենք՝ նվազագույնը բարձրացրեք, ստվերայինը պակասեցրեք: Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուներին ընդհանրապես չեն գրանցի: Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն: Ախր աշխատավարձները բարձրացնելիս կարելի է ավել շատ օգուտ ունենալ’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Բագրատյանն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 70 հազար դրամ, սակայն կառավարությունը, մերժեց առաջարկը: Փոխարենը եկող տարվա բյուջեն նախատեսում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 32.500 դրամից 35000-ի:
Պատգամավորը նշեց, որ 2011-ի բյւջեն թերակատարվել է շուրջ 7%-ով: Ու թեև պաշտոնապես կառավարությունը սղաճը 4.7 % է ցույց տալիս, սակայն իրականում այն 7.7% է:
“2011թ.-ի բյուջեն հիմք է մյուս տարվա բյուջեի համար: 2011-ի բյուջեն ընդհանրապես չի ավելացել իրականում՝ հաշվի առնելով սղաճը: Նշանակում է նույն վիճակը կպահպանվի նաև հաջորդ տարի: ‘Ի վերջո բյուջեն կընդունվի 2 մլրդ 400 մլն ԱՄՆ դոլարի չափով, մինչդեռ, օրինակ, հարևան Վրաստանի բյուջեն 6 մլրդ է’,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը: