25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայոց ցեղասպանության հիշելու գործողությունները ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ չի՞ լինի կոնկրտետ առաջարկություններ անել»

Հայոց ցեղասպանության խորհրդանշական տարելիցի ծիսական արարողությունները պարբերաբար համալրվում են հաջող կամ ոչ այնքան հաջող, երբեմն էլ՝ անհաջող ծեսերով: ԽՍՀՄ տարածքում, այդ թվում՝ խորհրդային Հայաստանում այդ թեմայի հանդեպ պաշտոնական քաղաքական լռությունը և ցեղասպանության մասին սոցիալական հիշողության «հնազանդեցումը» պաշտոնական քաղաքականությունը մինչև 1965թ. բացարձակ էր, դրանից հետո՝ ուղղորդված, զսպված և վերահսկելի, քաղաքական գրախոսության թույլատրելիի շրջանակներում: Հիշողության և ցավի անմիջական, ականատեսական և ընտանեկան կրողների, փաստացի կոնկրետ զոհերի ապրումները փակված էին իրենց նեղ ազգակցական միջավայրի շրջանակներում և նույնիսկ այդ «տիրույթում» իրենց վկայաբանական իմացությունն ու զգայական ապրումը իրենց ժառանգներին փոխանցում էին «չորս պատերի ներսում»: Նրանցից շատերը կրկնակի տրավմա են ապրել՝ դառնալով ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների զոհերը, և նրանց առաջադրված մեղադրանքների մեջ քիչ չէին թուրքերի հանդեպ բացասական զգացմունքներ ունենալու և հայրենիք վերադառնալու մտադրությունների մեջ մեղադրանքները:
1965-ից հետո մարդիկ հիշողության ցուցադրության «բաց հարթակի» հնարավորությունը և իրավունքը նվաճում էին քայլ առ քայլ՝ քողարկված կամ բացահայտ պայքարով: Օրինակ՝ արևմտահայ փախստականներով բնակեցված գյուղերում՝ ապրիլքսանչորսյան խարույկներով (հիշողության քողարկված ցուցադրություն) կամ Անդրանիկի արձանը առանձին գյուղերում գաղտնի/կիսագաղտնի տեղադրելով և պահակելով, որ ոստիկանությունն այն չքանդի (հիշողության ցուցադրության կիսաբաց հարթակ՝ մի գյուղի շրջանակում): Անբնական է, որ Ցեղասպանության իրողության և իրենց անձնական ծանրագույն հիշողությունների և ապրումների մասին զոհերը հարկադրված էին լռել, և բնական է, որ այդ հարկադրված լռությունը բարձրաձայնելու ելքեր էր փնտրում:
Վերջին հիսունամյակում չափազանց ակտիվացել են բնական ու քաղաքական հիշողության և լռության, հիշողության ու լռության սելեկտիվության, անհատական, ընտանեկան, սոցիալական և կոլեկտիվ հիշողության մասին հետազոտությունները: Դրանք ցույց են տալիս, որ հիշողության քաղաքական «հնազանդեցման» փաստերը կա՛մ ջնջում են հիշողությունները, կա՛մ դրանց փոխանցումն ու հրապարակայնացումը մղում գաղտնիության և ծիսականացման ոլորտ՝ հիմնականում «դեպի ներս»: Պատահական չէ, որ Հայող ցեղասպանության համարյա բոլոր հուշարձանների վրա գրառումները կա՛մ միայն հայերեն լեզվով էին, կա՛մ միայն տարեթիվ (1915) է փորագրված: Այսինքն՝ հայերը իրենք իրենց էին «տեղեկացնում» և «հիշեցնում»: Ժամանակը և դեպքերի զարգացումները դրանց մեջ կատարում է իր սրբագրումները: Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունում Ցեղասպանության մասին հիշողությունները և Ցեղասպանության ծիսականացումը կորցել է «դեպի ներս» կարևորությունը, տեղի է ունենում «դեպի դուրս»՝ աշխարհին և «թուրքերին» հիշեցնելու գործընթաց: Բնական է, որ այդ գործընթացը նաև ձևերի և բովանդակության փնտրտուք է, ուստի առաջ են գալիս հաջող, պակաս հաջող և նույնիսկ անհաջող ձևեր: Թե դրանցից որոնք կմարեն, որոնք կձևափոխվեն, որոնք քննություն կբռնեն ու կմնան, կրկին կախված է թե՛ քաղաքական կոնյուկտուրայից, թե՛ դրանց բովանդակությունից: Ինձ այնպես է թվում, որ դրանք ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ կլինի դրանցում փոփոխությունների առաջարկներ անել:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ