Իմ լավագույն ընկերները հայեր են․ Մահմութ Ուզուն
«Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամներն այսօր Սպուտնիկ Արմենիա մամուլի սրահում հանդիպեցին լրագրողներին։
Թուրքիայի քաղաքացի, Լոնդոնում բնակվող քաղբանտարկյալ Մահմութ Ուզունը նշեց, որ երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ ամեն անգամ մեր երկրում իրեն շատ հանգիստ ու ապահով է զգում` ի տարբերություն իր ծննդավայր Թուրքիայի:
Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության մասին մանկուց է լսել՝ իրենց գյուղում բնակվող հայ երեխաներից:
«Ես հենց աչքս բացել եմ, հայերի հետ եմ ապրել ու լսել ցեղասպանության մասին. իմ մանկության ընկերները հայեր են: Մեր գյուղը հայերին ապաստան է տվել ու պատսպարել նրանց: Մեկն էլ պապս է եղել: Մինչև հիմա էլ իմ լավագույն ընկերները հայեր են»,- ասաց Մահմութ Ուզունը:
Մյուս բանախոս Դյոնե Գյունդուզն էլ պատմեց, որ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իրեն մանուկ հասակում պատմել է տատը: Խմբի անդամ Էլիֆ Սելայ Էրթեմն էլ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է երիտասարդ տարիքում, հետաքրքրության պատճառ են դարձել Թուրքիայում սկսված հեղափոխական շարժումները: «Թուրքիայի հեղափոխական շարժումների սերունդը մտածողություն փոխեց, իմ շփումներն ընդդիմադիր, հեղափոխական հատվածի հետ, իմ կյանքում շատ բան փոխեցին: Պետք է խոստովանեմ նաև, որ «Ասալան» էլ շատ բան փոխեց: Մարդիկ սկսեցին մտածել՝ այս երիտասարդ տղան ինչ է ուզում ասել, որ գնում է ինքնազոհողության»,- ասաց նա: