Թրամփն իր ուղերձով շարունակեց նախորդների ուղին
Համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն այլևս չեն ասում, թե Հայոց ցեղասպանությունը հայերի տեսակետն է: Հենց իրենք են խոսում Ցեղասպանության փաստի և ժխտողականության մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա նշեց, որ բոլոր միջոցառումներին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, որ տեղի են ունեցել տարբեր երկրներում, բավական մեծ մասին մասնակցություն է գրանցվել նաև տվյալ պետությունների կողմից՝ սկսած Կիպրոսից, Հունաստանից՝ մինչև Կանադա, Ավստրալիա և Հարավային Ամերիկա։
«Այս բոլոր երկրներում միջոցառումներին մասնակցել են նաև պետությունների գործադիր մարմինների ներկայացուցիչները»,- ասաց նա։
«Ասվեց ամեն ինչ Ցեղասպանության փաստի մասին՝ առանց «ցեղասպանություն» բառն արտաբերելու։ Իրականում շատ անորոշ էր, թե ինչ է ասելու Միացյալ նահանգների նախագահը։ Օրինակ՝ անձամբ ես մտածում էի, որ կարող է որևէ բան չասել։ Ամեն դեպքում՝ պետք է ասել, որ 102–րդ տարելիցը շարունակեց նույն թափը, որը ստեղծվել էր 100–րդ տարելիցով»,– ասաց նա՝ նշելով, որ Թրամփն անկանխատեսելի է եւ պետք չէ եզրակացություն անել, թե սրանից այն կողմ բան չի ասի։