26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սոդոմ-Գոմոր» է լինելու. ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

-Պարոն Կարապետյան, այս ընտրությունները կարծես եզակի էին այն առումով, որ հետընտրական բողոքի ցույցեր չեղան։ Իշխանությո՞ւնն է այդքան լավը դարձել, թե՞ հասարակության համար էր ամեն ինչ այսչափ կանխատեսելի։

Իշխանությունն իր սցենարով ամեն ինչ արեց։ Ես կարծում եմ, բացի դրանից քաղաքական պահը հիմա այն չէ, հետաքրքրությունը մեծ չէ։ Բացի այդ, ընդդիմությունը բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, յուրաքանչյուր ընդվզում նաև ֆինանսական տարր է իր մեջ պարունակում։ Կարծում եմ, որ ոչ ընտրությունների հետ կապված ընդվզումներ կլինեն՝ ավելի շատ սոցիալական խնդիրների վրա։

-Նկատի ունեք այնպիսի ընդվզումներ, ինչպիսին որ «Էլեկտրիկ Երևանը», «100 դրամի» ակցիանե՞րն էին։

Սոցիալ-տնտեսական ընդվզումներ, կարծում եմ, քաղաքական ընդվզումներ չեն լինի։ Օրինակ՝ Ռուսաստանում հակակոռուպցիոն ցույցեր են լինում, որն այնքան էլ քաղաքական չէ։ Պետք է ավելի շատ հետևել ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խթանիչների՝ սոցիալական, Աստված չանի՝ նաև պատերազմական։

-Պարոն Կարապետյան, հետաքրքիր է ռուսաստանաբնակ օլիգարխների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմն, օրինակ, որևէ դրական ակնկալիք կարո՞ղ ենք ունենալ։

Ես այդտեղ որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում, որովհետև անկախ ֆինանսական ռեսուրս Ռուաստանում ուղղակի չգիտեմ։ Գուցե սխալվում եմ, բայց չգիտեմ։ Իրենք քաղաքական առումով կախված են Ռուսաստանի իշխանություններից ՝ոչ միայն ձեր նշած մարդիկ, այլ բոլորը, այդ թվում՝ ոչ հայերը։ Ռուսաստանի բարձր իշխանությունն ի՞նչ որոշումներ կկայանցի. սա է հարցը։ Եվ թե հիմա ո՞ւմ միջոցով՝ դա էական չէ։

-Բայց սրանով չի հեռվանում ավանդական Սփյուռքը։ Այս կրիմինալ համակարգի առկայության դեպքում անելիք ունի՞։

Խնդիրը պայմաններն են, որոնք անկախ այդ մարդկանց միջամտությունից, դրական չեն։ Ո՞վ կցանկանա մասնակցել փող կորցնելու համար։ Չէ՞ որ մարդիկ գալիս են փող աշխատելու, իրենց հայրենիքը շենացնելու համար, իսկ այս պայմաններում ո՞վ կգա։

Ստեղծված համակարգը չի խթանում ոչինչ՝ ո՛չ ներդրում, ոչ՛ այլ դրական բան․մարդիկ ուզում են փախնել գնալ այստեղից, ո՞վ ներդրում կանի՝ այս կադրերով, այս կառավարման համակարգով ո՞վ կուզենա ներդրում անել։

-Իսկ ելքը ո՞րն է՝ բոլորը դժգոհում են իշխանություններից, իրավիճակը գնալով վատանում է, բայց փողը վերցնում ու ընտրում են հենց այդ իշխանություններին։

Փողը վերցնում գնում են ինչի՞ համար։ Կա մի քանի հանգամանք։ Ե՞րբ են փողը համատարած վերցնում, երբ սպասելիք չունեն։ Երկրորդ՝ եթե քաղաքական պայքար ընդհանրապես չի երևում։ Եկեք ընդունենք, որ այս անգամ դաշտը սև ու սպիտակի չվերածվեց, այս անգամ նույնիսկ գույներ չկային։ Մարդիկ հույսը քաղաքական պայքարի հետ են կապում, երբ կա սև ու սպիտակ։ Ասում են՝ ձայնը տանք, չստացվի՝ փողոցում կպայքարենք, իսկ այս անգամ ոչինչ չկար՝ ոչ գույն, ոչ ձև, ոչ էլ պայքարի նույնիսկ մշուշոտ ապագա։Երրորդ հանգամանքն այն է, որ մարդկանց քանակը ֆիզիկապես պակասել է։ Բողոքական հատվածի մի մասն է, որ կարող է ակտիվություն ցուցաբերել՝ այդ հատվածն էլ թողնում գնում է։

Իշխանությունը կարողանում է վերարտադրվել ու գնալով ավելի պրոֆեսիոնալ դառնալ։ Բայց դա միշտ էլ փորձել են անել՝ հիմնականում այն երկրներում, որտեղ ժողովրդավարությունն այնքան էլ զարգացած չէ։ Լավ՝ վերարտադրվեցին, բայց մեր կյանքում դրանից ի՞նչ փոխվեց։

Հիմա վերարտադրավելը դարձել է քաղաքական թրենդ, բայց երկրի հարցերը մնում են ու ավելի են խորանում։ Ելքը երկուսն է՝ կամ մարդիկ թողնելու են հեռանան երկրից և իշխանությունը կորցնելու է նաև այն զանգվածի նկատմամբ վերահսկողությունը, որն անհրաժեշտ կլինի վերարտադրության համար և երկրորդ ճանապարհը՝ սոցիալական բունտն է։

Փորձը ցույց է տալիս, որ հետխորհրդային երկրներում ավելի լավ աշխատում է սոցիալ-տնտեսական հենքը, քան քաղաքականը։ Ես կարծում եմ, եթե իրավիճակը գնալով չլավանա՝ այդ տարբերակը շատ հավանական է։ Ես վատատես չեմ, բայց իմ աչքերի առաջ ոչ մի դրական հույս չկա։ Ուրեմն՝ եթե փոփոխություններ չլինեն՝ կամ բոլորը թողնելու են գնան, կամ մի օր «Սասնա ծռերից» վերան գործողություն է լինելու՝ բա ի՞նչ են անելու, հո սոված չե՞ն մեռնելու։

-Բայց համաձայն եք, որ փոփոխության համար նաև դրսի աջակցությունն է պետք։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանը թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար անփոխարինելի է։

-Հարցն այն չէ, որ Սարգսյանը անփոխարինելի է։ Այսօր Հայաստանը անապատ է։ Հայաստանը ե՞րբ են հիշում՝ հիմնականում ապրիլի 24-ից առաջ, կամ էլ ղարաբաղյան ճգնաժամի պարագայում։ Այսինքն՝ աշխարհը պետք է մեզնից մի բան ուզի, որ ակտիվություն ցուցաբերի։ Ստացվում է՝ մենք այնքան անկախ ենք, որ մեզնից ոչինչ էլ կախված չէ։ Քաոսը գնալով ավելանում է, այդ քաոսի պարագայում՝ Սիրիա, Թուրքիայի թնջուկ, նավթի գները եթե գահավիժեն՝ «Սոդոմ-Գոմոր» է լինելու։ Բայց կան օրինաչափություններ։ Գործընթացը չի կանգնում, անկախ նրանից Սարգսյանը լավն է բոլորի համար, թե ոչ։ Բայց մի պահ է գալու ու մեզնից բան են ուզելու․ չի կարող անընդհատ անապատ լինել։ Կարծում եմ՝ դուք էլ եք հասկանում՝ ինչ են ուզելու։

-Տարածքային զիջումնե՞րը նկատի ունեք։

-Ղարաբաղյան հարցի լուծման ձևը։ Այսինքն, իմ կարծիքով, աշխարհը կամաց-կամաց ղարաբաղյան թնջուկի համընդհանուր լուծման պրոցես է սկսում, որն իր մեջ ներառում է հողերի հանձնում, Հայաստանի ապաշրջափակում, Ղարաբաղի ստատուսի խնդիր։ Այսինքն՝ գործըթնացը տակից դանդաղ գնում է։

-Բայց ներքին պահանջ չպե՞տք է լինի։ Օրինակ՝ Տեր-Պետրոսյանն ասում է՝ պետք է ժողովուրդը պահանջի լուծել ղարաբաղյան հիմնահարցը։

Իհարկե մենք պետք է ունենանք մեր ծրագիրը՝ ինչպես լուծել։ Աշխարհը չի քնում զարթնում ու հայերի դարդերով ապրում։ Ու ինձ համար ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք ստանալու դրա փոխարեն։ Ասում են, դուք ազատագրված հողերը հանձնում եք, իսկ ինչ ենք ստանալու դրա փոխարեն։ Վիրտուալ ֆորմուլա է առաջ բերվում, որը նաև Տեր-Պետրոսյանն է ասում՝ ավելի լավ վիճակ չի լինելու։

-Ասում է՝ ավելի լավ փաստաթուղթ չենք ունենալու։

-Լուծումն ասեք, իմանանք՝ ավելի լավը կառաջարկվի, թե ոչ։ Մեզնից ռեալ բան են ուզում՝ հող, իսկ փոխարենը վիրտուալ բան առաջարկում։

-Ղարաբաղի անկախություն։

-Կա՞ նման բան։ Ես ինչ լսում եմ Ադրբեջանի ղեկավարությանը, ասում է՝ Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա։ Ուրիշ բան լսե՞լ եք դուք։ Կարծում եմ, ոչ ոք չի լսել, որովհետև նա երբեք ուրիշ բան չի ասել, անընդհատ ասում է՝ Ադրբեջանի կազմում միայն․մեզ ասում են՝ ինչ որ բան, ինչ որ մեկը, ինչ որ տեղ… Տաքսու վարորդի և ուղևորի խոսակցություն։ Մեզ ասում են՝ արյունով գրաված հող տվեք, իսկ փոխարենն ի՞նչ են առաջարկում։

Սա մի խնդիր է, որը չերևացող, բայց առաջ է գնում։ Իշխանությունները դրա համար նյարդայնացած են, իրենք էլ հասկանում են, որ այդ վերարտադրության գինն ուզելու են ու այդ գինը լավը չէ։ Հիշեցնեմ՝ «Սասնա ծռերի» գործողություններից օգտվելով՝ արտաքին դաշտում Սերժ Սարգսյանը կարողացավ խույս տալ ոչ պոպուլյար որոշումներ մեջտեղ բերելուց, բայց ի՞նչ, ամեն անգամ «Սասնա ծռե՞ր» պետք է լինեն։ Մենք մեր ծրագիրը պետք է իմանանք, աշխարհը մեզ ի՞նչ է առաջարկում։ Դա գիտի Սերժ Սարգսյանը, բայց ոչ մեկին չի ասում..․ Մադրիդյան սկզբունքները նկատի չունեմ՝ ռեալ ի՞նչ է առաջարկվում։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ