«Թուրքիան գիտի, որ Ցեղասպանություն է եղել, ընդունում է, պարզապես չի բարձրաձայնում» /տեսանյութ/
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին Արսեն Գրիգորյանի (Մրրո) ղեկավարած «Հայ երգասաններ» խմբի երգիչները։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին «Հայ երգասաններ» խումբը գալիս է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու և առ Աստված միասնական աղոթք բարձրացնելու:
«Մենք այսօր եկել ենք այստեղ՝ մեր երդումը նորոգելու և մեր նահատակված սրբերին ասելու, որ մենք հաստատ կշարունակենք ազգի հարատևման և հայի տեսակը պահելու գործը, որը սկսել են մեր 1.5 միլիոն նահատակված սրբերը: Այս օրը մեզ համար դարձել է հարատևման օր: 1.5 միլիոն հայ նախընտրեց նահատակությունը՝ դավանափոխությունից և ազգափոխությունից, ուստի մենք պարտավոր ենք շարունակել հայի արարման, հարատևման գործը»,- ընդգծեց Արսեն Գրիգորյանը:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք վաղեմության ժամկետը չի սպառնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործին, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վաղեմություն կա այս հարցում: Այսօրվա Թուրքիան գիտի, որ Ցեղասպանություն է եղել, ընդունում է, պարզապես չի բարձրաձայնում, բայց մի օր Թուրքիան ևս կբարձրաձայնի: Եվ ո՞վ է ասում, որ մենք միայն բարոյական կամ նյութական փոխհատուցում ենք պահանջում: Մենք ամբողջական հատուցում ենք պահանջում: Այն վնասրը, որ կրել է մեր ազգը, բոլորի համար օրինակ պիտի լինի. այդ ոճրագործությունը պիտի դատապարտվի ու հատուցվի, որպեսզի չկրկնվի: Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, հետագայում չէին լինի այլ ոճրագործություններ, ինչպես Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը և, առհասարակ, մարդկության դեմ այսօր իրագործվող ոճիրները»:
Արսեն Գրիգորյանը հիշեցրեց՝ այսօրվա Թուրքիան փոխել է կառավարման համակարգը, բայց էությամբ չի փոխվել, շարունակում է ժխտողական քաղաքականությունը:
«Հույս ունենանք, որ նրանց անասնական ծագումը կփոխվի, իրենք կընդունեն իրենց նախնիների կատարած ոճիրը, դրանով կմաքրվեն»,- ասաց Արսեն Գրիգորյանը՝ ընդգծելով՝ համամիտ չէ այն պնդման հետ, թե հայ ազգը վերջին հարյուրամյակում սգավոր է դարձել և ընկճվել:
«Մենք երբեք ընկճվող բնավորություն չենք ունեցել. միշտ էլ կռիվ տվող ենք եղել, պարզապես որոշ պետությունների ձեռնտու է եղել ստեղծել զոհի կերպար՝ հայ ազգի հետ կապված: Մենք հաղթող տեսակ ենք»,- եզրափակեց Արսեն Գրիգորյանը: