ԵՄ-ը Սիրիական ազգային կոալիցիան ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ
Սիրիացի ապստամբները հայտարարել են Դամասկոսի հարավում գտնվող կառավարական զորքերի ռազմաօդային ուժերի բազան զավթելու մասին: Ինչպես տեղեկացնում է “Reuters”-ը, սա առաջին դեպքն է սիրիական հակամարտության ողջ ընթացքում, երբ ապստամբներին հաջողվել է դիրքերն ամրապնդել մայրաքաղաքին այդքան մոտ գտնվող ռազմական օբյեկտում:
Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել: “Reuters”-ը նաեւ նշել է, որ դեռեւս չի հաջողվել անկախ աղբյուրներից բազայի գրավման փաստը ճշտել:
Հարկ է նշել, որ նախօրեին Եվրամիության 27 ԱԳ նախարարներից կազմված խորհուրդը եւս ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան` որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Կոալիցիայի կազմում են ներգրավվել սիրիական ապստամբների տարբեր խմբավորումներ:
Նշենք, որ սիրիական ընդդիմությունը` որպես սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ, ճանաչվել է արդեն Պարսից ծոցի երկրների, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Թուրքիայի կողմից, իսկ Ֆրանսիան այն անվանել է երկրում միակ օրինական իշխանական մարմինը: