Հիսուս, Քեզ ենք նայում
Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում:
Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, որպեսզի բոլոր սրտերը քեզ ճաշակեն և սրբվեն: Մատռվակի՛ր վտակի պես կաթկթող քո անմեղ արյունը, որպեսզի մարդիկ անմեղությամբ հագենան: Երկարի՛ր փրկարար խաչդ` այս աշխարհի ծովում լողացողներիս, մեզ վեր` դեպի Քեզ բարձրացնելու համար:
Շնորհքի կարոտ ենք, սփռի՜ր, հոգնած ենք մեղանչելուց, քավի՛ր, խավարի մեջ ենք խարխափում, ճառագայթի՛ր. մեր հավատքից տապալվել ենք, հաստատի՛ր:
Դո՛ւ ես հույսը, Դո՛ւ ես լույսը, Դո՛ւ ես կյանքը, Դո՛ւ ես քավությունը, Դու ինքդ ես անմահությունը, Քե՛զ ենք սպասում, քո շնորհի կռթնածներս, Քեզնից փրկություն ստանալու կարոտ ենք Քո մարմնին միացածներս: Քե՛զ որպես քավիչ քահանա ունենք. մենք` Քո արյունով գնված հոտդ:
Նայի՛ր բոլորիս, սփոփիր մեր տարակուսանքները Քո փրկագործությամբ, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնած հոգիները Քո օթևանների մեջ, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և նույնը մեզ խոստացար:
Եվ արժանացրո՛ւ մեզ` քեզ պատկանողներիս, որ փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին` հավիտյանս հավիտենից. Ամեն: