Ազատամարտիկների խնդիրները պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը.
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:
Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել “ազատամարտիկ” և “երկրապահ կամավորական” հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից:
Խնդիրը, ըստ ազատամարտիկների, ծագել է “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:
Հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝ օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար: