Հավկիթը պետք է պարտադիր ներկել. Տեր Բաբկենը մանրամասնում է
«Կուզեմ, որ ժողովրդի մոտ Զատկի տոնը լինի գիտակցված, հավատքի մեջ, լինի ոչ միայն իներցիոն շարժ դեպի եկեղեցիներ, այլ իսկապես իմաստավորված մեր կյանքի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արարատյան Հայրապետական Թեմի Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Տեր Բաբկենի խոսքով՝ Զատկական տոնը քրիստոնեական հավատքի գագաթն է.« Այն առաքելության ամփոփումն է, որ Աստված եկավ, մարդացավ, խաչի վրա մահկանացուն կնքեց, երրորդ օրը հարություն առավ և տվեց մեզ այդ ժառանգությունը: Մեր կյանքի իմաստավորումն այդ ժառանգության մեջ է, որ տրվեց ամբողջ մարդկությանը»:
Տեր Բաբկենի հայտնում է, որ Մեծ պահքի շրջանն արդեն ավարտվում է, արդեն ավագ շաբաթն է: Այսօր ավագ չորեքշաբթին է, որի խորհուրդը տիրոջ մատնության հիշատակումն է:
Նրա խոսքով՝ Զատկի օրը պետք է բոլոր տներում հավկիթները ներկվեն, անկախ նրանից՝ այդ տանը նոր ննջեցյալ կա՞, թե ոչ. «Հավկիթը պետք է ներկել, որովհետև Տիրոջ թափված արյունը և այդ հավկիթը ներկայացնում են աշխարհը, և աշխարհը Տիրոջ արյամբ փրկվեց»: