Ազատ կարձակե՞ն. Սամվել Բաբայանի փաստաբանը մանրամասնում է
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի կունենա Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվելի Բաբայանի պաշտպան՝ Ավետիս Քալաշյանը:
Ավետիս Քալաշյանը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Նշենք , որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: