25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ-վրացական հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այսօր նա հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ջանելիձեն նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա ավանդույթներով են կապված, բայց 2017թ.-ը յուրահատուկ տարի է երկկողմ հարաբերությունների համար,  քանի որ երկու երկրներն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

«Այս տարիների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել վստահության հիման վրա հիմնված փոխշահավետ գործընկերության զարգացում։ ՀՀ արտգործնախարարի հետ մենք քննարկել ենք համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, կողմերն ընդգծել են ձգտումը՝ ավելի ինտենսիվ դարձնելու քաղաքական երկխոսությունը, քննարկվել են առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցության զարգացման այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, արվեստը և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ Վրաստանն ու Հայաստանը ունեն չօգտագործված ներուժ։

 

Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել։ Նրա խոսքով՝ երկու երկրները պարբերաբար կրկնում են՝ Հայաստանի եւ Վրաստանի միջև խնդիրներ չկան, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։

Նալբանդյանը ասաց, որ այսօր կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Վերջին  տարիներին հայ-վրացական հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել, առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։ Մեր մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է տալիս քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղված մեր ջանքերը»,- ասաց նա։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ  հանդիպման ժամանակ խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից․

«Վրացի գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման  գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին: Այս առումով մենք կարևորում ենք  Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,- ասաց նա:
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ