Նյու-Յորքում նշվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանը
Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքի “Գոթհամ-հոլ” հեղինակավոր սրահում տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած` ԱՄՆ արեւելյան ափում բնակվող շուրջ երեք հարյուր ամերիկահայեր:
Հանդիսավոր երեկոյին, որը վարում էր ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիակոսը, ներկա էին եւ ողջույնի խոսքերով հանդես եկան “Հայաստան” հիմնադրամի Միացյալ Նահանգների մասնաճյուղի ղեկավար Խորեն Բանդազյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:
Միջոցառման հիմնական բանախոսն էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում մասնավորապես ասաց.
“Հայաստան” համահայկական հիմնադրամի քսանամյակի առիթով ցանկանում եմ խոսքս սկսել բոլորիս այդքան հարազատ, սիրելի ու թանկ բառից. Հայաստան, որը նշանակում է հայերի տուն:
Այո՛, բարեկամներ, Հայաստան նշանակում է հայերի տուն:
Այդ տունն անցել է դարերի փորձություններով: Երբեմն այն խլել են մեզնից: Այսօր մենք այդ տան տերն ենք:
Հայաստանը հավաքական իմաստով միակ տունն է հայ ժողովրդի:
Ես հաճախ ասում եմ, որ հայերը, աշխարհի տարբեր անկյուններում հիմնելով իրենց օջախները, ստեղծել են հարյուրավոր փոքրիկ Հայաստաններ, եւ դա իրոք այդպես է: Սակայն այսօր հայ ժողովրդի միակ ընդհանուր սեփական տունը կոչվում է Հայաստան:
Շատ ժողովուրդներ ու ազգեր արդեն վաղուց կառուցել են իրենց տունն այս արեւի տակ: Կան նաեւ այնպիսիք, որոնց չի հաջողվել պահպանել իրենց տունը: Այնպիսիք, որոնք այդպիսի տուն չունեն այսօր:
Մենք ունենք:
Այսօր մենք ամրացնում ենք մեր տան հիմքերը, պատերն ենք բարձրացնում, որպեսզի առավելագույնս ապահով, առավելագույնս գեղեցիկ փոխանցենք այն գալիք սերուդներին:
Հայ ժողովրդի այսօրվա սերնդից, մեզնից յուրաքանչյուրի նվիրումից է կախված` արդյոք մեր տան պատերը բարձր կլինեն ու ապահով, արդյոք այն կլինի գեղեցիկ, արդյոք նրա լույսերը տեսանելի կլինեն աշխարհի բոլոր անկյուններում` հպարտություն բերելով բոլորիս եւ մեր գալիք սերունդներին:
Անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում որեւէ հայ ինչպես է ապրում` համեստ հյուղակում, թե շքեղ առանձնատանը, միեւնույն է` օտարները նրա մասին դատելու են Հայաստան անունով տան ամրությամբ, գեղեցկությամբ ու ապահովությամբ:
Այսօր էլ այդ օտարները հետեւում են` ինչպիսի տուն են կառուցում հայերը:
Նրանց մեջ շատ-շատերը` համարյա բոլորը, բարեկամներ են, բայց պատահում են նաեւ չարակամներ: Շատ չեն նրանք, չեմ կարծում, որ երկուսից ավել:
Մեր հարեւան պետություններից մեկի ղեկավարը` քնի մեջ հային կացնահարած մարդասպանին ազգային հերոս հռչակելիս չի ցանկանում, որ մեր տունն ամուր լինի: Հայոց սփյուռքը, ընդհանրապես հայությունը թիվ մեկ թշնամի որակելիս հանդգնում է կասկածի տակ դնել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ապահովությունը:
Մեր հարեւան պետություններից մյուսի ղեկավարը` Հայաստանը շրջափակելիս չի ցանկանում, որ հայերն իրենց տանն ապրեն բարեկեցիկ ու ապահով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Նրանցից ովքեր կուրախանան եւ ովքեր կտխրեն` կախված է մեր տունը, մեր հայրենիքը, մեր բոլորիս սիրելի Հայաստանը կառուցելու եւ շենացնելու յուրաքանչյուր հայի նվիրումից:
Սիրելի՛ բարեկամներ,
Ինձ համար շատ հաճելի է ձեզ հետ միասին նշել “Հայաստան” համահայկական հիմնադրամի 20-րդ տարեդարձը եւ եւս մեկ անգամ անդրադառնալ նրա նպատակներին, գործունեությանը,անցած ճանապարհին, հաջողություններին եւ հեռանկարներին:
Քսան տարի առաջ, երբ մեր պետությունը, անկախության վերականգնումից հետո, իր առաջին քայլերն էր կատարում պետական եւ ազգային կառույցներ հիմնելու գործում, երբ երկրաշարժի պատճառած վերքերը դեռ չէին ապաքինվել, երբ մեր հայրենակիցներին Արցախում ոչնչացման վտանգ էր սպառնում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին շրջափակում էր պարտադրված, այդ պայմաններում հիմնվեց համահայկական մի կառույց, որն անմիջապես կանգնեց Հայաստանի ու Արցախի կողքին:
Եթե Հիմնադրամի առաջին մեծ ծրագիրը “Ձմեռ” ծրագիրն էր, որը նպատակ ուներ հոգալ Հայաստանի բնակչության կարիքները մեր անկախության առաջին տարիների ծայրահեղ բարդ պայմաններում, հիմնադրամի հետագա գործունեությունը նվիրված էր ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին:
Մեր անվտանգության եւ կայուն զարգացման համար այդքան կարեւոր առաջին ծրագրերից մեկը Հայաստանը Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին էր, որն անվանում են “կյանքի ճանապարհ”: Դրան շուտով հետեւեց “Հյուսիս-Հարավ” մայրուղին, որը ողնաշարային կապ է ապահովում Արցախի քաղաքների ու գյուղերի միջեւ:
500 կմ ճանապարհները, 300 կմ ջրատար համակարգերը եւ 150 կմ գազատարները նշանակալի կերպով բարելավել են Հայաստանի եւ Արցախի կենսապայմանները եւ անգնահատելի խթան են հանդիսացել մեր Հայրենիքի զարգացման համար: Ավելի քանի 200 դպրոցները եւ մանկապարտեզները, հարյուրավոր առողջապահական, սպորտային եւ մշակութային կենտրոնները կծառայեն ներկա եւ ապագա սերունդներին:
Հիմնադրամը դարձել է յուրօրինակ համազգային կառույց, միավորելով ամբողջ աշխարհի հայերին եւ մեծապես նպաստելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հիմնադրամն իր ծավալուն գործունեությամբ դարձել է մեր նպատակների իրականացման համազգային առաքելություն։ Կա ասացվածք, որ եթե բարի գործեր ես անում տանը, դրսում քո գործը արդար է ընկալվում: Ձեր կողմից իրականացվող բարեգործությունը, սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի արդարացի պայքարի անբաժանելի մասն է կազմում:
Անկասկած, հույսը, կամքը եւ անդուլ աշխատանքը եղել են փոքր կամ մեծ ծրագրերի իրականացման շարժիչ ուժը, բայց այդ ծրագրերի հաջող իրականացման համար հավասարապես կարեւոր է նվիրումը Հայրենիքի զարգացմանը եւ բարգավաճմանը:
Այս տարեդարձը ամբողջ աշխարհի հայերի կողմից իրենց Հայրենիքի հանդեպ անվերջ նվիրումը վերահաստատող կարեւոր խորհրդանիշ է:
Տիկնայք եւ պարոնայք, սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Նախագահի անունից ես ցանկանում եմ խորին երախտագիտություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են բերել եւ բերում “Հայաստան” Համահայկական հիմնադրամի անցյալ, ներկա եւ ապագա նախաձեռնությունների իրականացմանը:
Ես կցանականայի ջերմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներում գործող հիմնադրամի կառույցներին, որոնք ստեղծումից ի վեր միշտ եղել են Հիմնադրամի գործունեության առաջին գծում եւ հանդիսացել են առաջնորդության եւ արդյունավետության օրինակ:
Ես կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել երիտասարդ սերնդին, որն իր շարունակական աջակցությամբ դառնում է Հիմնադրամի ամենակենսական շարժիչ ուժը:
Նորանոր հաջողություններ եմ ցանկանում հիմնադրամին, նրա ղեկավարությանը եւ աջակիցներին: Մաղթում եմ ձեզ նոր հավակնոտ նվաճումներ ի շահ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի”: