«Երաժշտական դպրոցներում պետք է պրոպագանդվեն ազգային նվագարանները»
Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը երեկ հերթական համերգով հանդես եկավ Գյումրու Ա. Շիշյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
Համերգին մասնակցում էին սիրված երգիչներ Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Մոնիկա Նազարյանը, Արման Խաչատրյանը և Էդգար Ավետիսյանը:
Համերգ-դասախոսությունը վարում էր Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը:
Համերգի մասնակից, ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ վերոնշյալ համերգն առավելապես ուսուցողական բնույթ ուներ. երաժշտական դպրոցի սաների համար այն հիանալի վարպետության դաս եղավ:
«Պետք է ասեմ, որ դահլիճը մեծ չէր, բայց լեփ-լեցուն էր: Երաժշտական դպրոցի սաները ծանոթանում էին ազգային նվագարանների պատմությանը: Նրանք շատ ոգևորված էին: Փոքրիկ երաժիշտներից մի քանիսի հետ զրուցեցի և ուրախությամբ կարող եմ նշել, որ նրանցից շատերը ժողգործիքների դասարանում էին սովորում: Ես այդ հանգամանքը շատ եմ կարևորում. մեր հանրապետության երաժշտական դպրոցներում պետք է պրոպագանդվեն ազգային նվագարանները, որպեսզի հնարավորինս շատ փոքրիկներ ժողգործիքներ նվագեն, և մեր ազգային արժեքները ապրեն հարատև», – նշեց Արման Խաչատրյանը: