25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կաթողիկոսը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և զինվորների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողներին, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներին` ուղեկցությամբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի:

Հանդիպմանը ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին ընդունելության համար: Տիար Ա. Մուրադյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինվորներին, ում սխրանքն իրենց տարեկից ուսանողների, ապագա բժիշկների համար օրինակ է մարդասիրության ու հայրենանվիրումի: Այս կապակցությամբ նա նաև երախտագիտությամբ նշեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնում ապրիլյան պատերազմի օրերին հայրենյաց պաշտպաններին ցուցաբերված օգնությունը:

Այնուհետև ամենքին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը հետաքրքվեց յուրաքանչյուր զինվորի առողջական վիճակով` համայն հայության անունից իր գնահատանքն ու խոնարհումը բերելով նրանց` իրենց դրսևորած արիության և անձնազոհության համար: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ առաջնագիծ կատարած այցերի ընթացքում ամեն անգամ տեսնում է հոգով վերափոխված, հասուն երիտասարդների, առանձնակի պատասխանատվության գիտակցությունն ունեցող քաջարի հայորդիների:

Խոսքն ուղղելով ուսանող երիտասարդներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց գնահատել հայ զինվորի սխրանքը` հավելելով, որ հայրենիքի խաղաղությունը պայմանավորված է յուրաքանչյուրի ծառայասիրությամբ, իսկ սահմանը սկսվում աշխատավայրից: Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ յուրաքանչյուր հայորդի այս գիտակցությամբ իր ծառայությունը բերի իր հայրենիքին` նպաստելով երկրի առաջընթացին, ժողովրդի բարօր ու խաղաղ կյանքին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձ կատարեց նաև հայ հոգևորականների դերակատարությանը Հայոց բանակում, Հոգևոր առաջնորդության ծառայությանը, անգամ մարտական գործողությունների ընթացքում հայ զինվորին ցուցաբերվող հոգևոր զորակցությանը: 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բժշկի ծառայության մեջ հավատի ընկալմանը, Հայ Եկեղեցու քարոզչությանը, քրիստոնեական դաստիարակությանը և Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերներին:  

Հանդիպման առիթով Նորին Սրբությունը ամենքին ընծայեց Ս. Գրիգոր Նարեկացու Աղոթամատյաններ, իսկ զինվորականները Վեհափառին փոխանցեցին սահմանագծում ծառայող զինվորների կողմից պատրաստված սրբապատկերը:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց և Աստծու զորակցությունը մաղթեց ներկաներին, զինվորականներին ցանկացավ լիարժեք շուտափույթ ապաքինում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ