«Մի քիչ էլ լռենք էլի, որ հետո լավ խոսենք»
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հայտարարություն էր արել, որ իրենց դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Հայտարարության մեջ որպես պատճառ է նշվում այն, որ դաշինքը նոր է ձևավորվել և այս կարճ ժամանակահատվածում չէին կարող ծրագիր ներկայացնել Երևան քաղաքի զարգացման, խնդիրների լուծման համար, և ասվում էր նաև, որ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու:
Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները փորձեցին հասկանալ, թե ինչու «Ելքին» հաջողվեց ծրագիր ներկայացնել այս կարճ ժամանակում, իսկ իրենց՝ ոչ, սակայն նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանում:
Henaran.am-ը ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանից էլ հետաքրքրվեց, թե որն է իրական պատճառը, որ չեն մասնակցում ընտրություններին, հիմա էլ լռում են, մեկնաբանություններ չեն տալիս, ինչին նա արձագանքեց. «Մի քիչ էլ լռենք էլի, որ հետո լավ խոսենք»,-կատակեց նա:
Նա հավելեց, որ իրենց հայտարարության մեջ հստակ նշված է, թե ինչու չեն մասնակցում ընտրություններին: «Ինձ թվում է՝ ամբողջական ասված էր, հայտարարությունից դուրս ասելիք չունեմ»:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ին էր ձեռնտու, որ ընտրություններին 2-րդ տեղը գրաված ուժը չմասնակցի այս ընտրություններին, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Չէ, չեմ կարծում»: