«Իհարկե, այն ինչ տեղի է ունենում ՌԴ-ում, չափազանց մտահոգիչ է: ՌԴ-ում մեծացել է ներքին հուզումների ու ահաբեկչություների քանակը: Գոնե վերջին իրադարձությունները հենց դա են ցույց տալիս: Պետք է ասել՝ ցարականում Ռուսաստանում ահաբեկչական գործողություններն օգտագործում էին սեփական դիրքներն ամրապնդելու համա. դա կրկնում է նաև Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում վերջին շրջանում տեղի ունեցող անկարգություններին ու ահաբեկչական գործողություններին:
Հիշեցնենք՝ օրերս Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կենտրոնական կայարանները՝ «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ», իրար կապող թունելում տեղական ժամանակով պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան տասը հոգի, իսկ տուժածների թիվը ավելի քան հիսուն էր:
«Պուտինի իշխանությունը միշտ շահարկել է և շարունակում է շահարկել ահաբեկչական վտանգները՝ քաղաքացիների ազատությունները սահմանափակելու և բերանը փակելու համար: Ավելին ասեմ՝ Պուտինի երեկվա հայտարարությունում ասվում էր, թե ցանկացած երկիր կարող է դառնալ ահաբեկչությունների թիրախ: Սա պետք է մտահոգիչ լինի նաև ՀՀ և մեր հատուկ ծառայությունների համար: ՌԴ-ն ահաբեկչության վտանգը կարող է շահարկել ոչ միայն իրենց երկրի ներսում, այլև նախկին խորհրդային միության երկրներից ցանկացածի վրա դա կարող է կիրառել», – շեշտեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Վերջինս նշեց՝ իրավիճակը բավականին վտանգավոր է:
«Չմոռանանք, որ Պուտինի՝ Ելցինի կառավարությունը ժառանգելուց ու վարչապետ դառնալուց հետո՝ մեկ ամիս անց, ՀՀ-ում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն: Դա հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր, որը, մեծ հաշվով, մինչ օրս բացառված չէ. բացահայտված են միայն կատարողները:
Այնպես որ, ես կարծում եմ՝ իրավիճակը կարելի է գնահատել որպես չափազանց վտանգավոր: ՀՀ հասարակությունը, պետությունը, պետական ինստիտուտները, հատուկ ծառայությունները պետք է ուշի ուշով հետևեն օպերատիվ իրավիճակին: Սա ամենևին չպետք է արվի ռուսական ձևով, ասյինքն՝ քաղաքացիների ազատությունները սահմանափակելով կամ բերանները փակելով», – եզրափակեց քաղաքագետը: