Որ պատասխան տան նաեւ դատախազը, վարչապետն ու մյուսները. Րաֆֆի Հովհաննիսյան
՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ՀՀ գլխավոր դատախազի որոշմանը, որով նա միջնորդագիր է ուղարկել ԱԺ՝ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: ՛՛Ես դեմ եմ, և մենք չենք մասնակցելու քվեարկությանը, մեր դիրքորոշումը կապ չունի նրա հետ, որ համոզված ենք, թե Օսկանյանը ոչինչ չի արել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննիսյանը:
՛՛Միջնորդությունը անհիմն ու քաղաքական է, նախընտրական ու քարոզչական. կամ բոլորը պետք է զրկվեն մանդատից, կամ ոչ ոք, կամ ԱԺ բոլոր պատագամավորները, նախագահները, վարչապետը պետք է զրկվեն կամ էլ ոչ ոք չպիտի զրկվի՛՛,-հավելեց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը:
Ըստ նրա՝ եթե Վարդան Օսկանյանը բյուջեն զրկել է իրեն հասանելի գումարից, ապա Օսկանյանը պետք է վարչական պատասխան տա, սակայն նախ և առաջ, Հովհաննիսյանը պահանջում է, որ իրենց արարքների համար պատասխան տան նաև դատախազը, վարչապետն ու մյուսները:
Խոսելով մի քանի օր առաջ ձերբակալված Վազգեն Խաչիկյանի մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սա նախընտրական արշավի մաս է կազմում: ՛՛Բայց սա չի նշանակում, որ մեր քաղաքական դաշտը բաժանվում է սևերի ու սպիտակների, նույն պարոն Օսկանյանի կուսակցությունը պատասխանելու բան ունի իր ընտրությունների վարքի վերաբերյալ: Նայենք մեր շուրջը, թող կուսակցության գլուխներից բռնեն՛՛,-եզրափակեց ՛՛Ժառանգության” ղեկավարը: