04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեր գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների. նախարար

Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Արժույթի Միջազգային Հիմնադրանի հայաստանյան առաքելյության ղեկավար Հոսեյն Սամի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ Հոսեյն Սամի ղեկավարած պատվիրակության կազմում էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:

Հանդիպման ընթացքում  նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական օժանդակության ծրագրերը եւ նախատեսվող նախաձեռնությունները:

«Մեր հիմնական նպատակն է վերանայել ոլորտի պետական սուբսիդավորման ուղղությունները` գյուղատնտեսությունը զարգացնելու եւ դարձնելու այն քիչ ռիսկային, շահութաբեր եւ հետաքրքիր: Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների, եւ մենք նախատեսում ենք տոկոսադրույքների սուբսիդավորմամբ օժանդակել մեր ֆերմերներին առանձին ծրագրերի միջոցով, որոնք ոլորտում զարգացում կապահովեն»,-իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` այդ նպատակով քննարկման կներկայացվեն  հակակարկտային ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրեր: Արդեն իսկ մեկնարկել է  տարեկան 2 % տոկոսադրույքով գյուղտեխնիկայի լիզինգի ձեռքբերման ծրագիրը: Նախարարությունը նախաձեռնել է նաեւ ՄՏԿ-ի ստեղծման փորձնական ծրագիր`  նաեւ փոքր ֆերմերներին բարձրակարգ մեխանիզացիայով ծառայություն ապահովելու համար: Բացի այդ, շարունակվում են սուբսիդավորվող պայմաններով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման ծրագրերը:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը բանակցում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ  GIS տիեզերական հեռազննման համակարգի ներդրման նպատակով, ինչը հնարավորություն կտա ունենալ ոլորտի իրատեսական եւ հավաստի գնահատականներ եւ դրանց հիման վրա կանխատեսումներ անել:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման, բնակլիմայական աղետների պատճառով կորուստների նվազեցման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք  այլ հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ