02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գեւորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ եւ այն դրել շրջանառության մեջ:

Այսպես, նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գ. Պապյանը 2014թ.-ի ընթացքում մասնակցել է ոստիկանության կրթահամալիրում  անցկացված վերապատրաստման դասընթացին, սակայն մինչ այդ Տավուշի մարզային վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Լուիզա Մատինյանն ի պաշտոնե պարտավոր է եղել օրենքով սահմանված կարգով` վերապատրաստման նպատակով պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքել Գ. Պապյանի հետ, ինչը չի կատարել: Հետագայում, իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելով, կազմել է հիշյալ պայմանագիրը եւ, նրանում կեղծելով Գ. Պապյանի ստորագրությունը, այն վերջինիս անձնական գործին կցելու եղանակով դրել շրջանառության մեջ:

Գ. Պապյանը կեղծիքը նկատել է, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերապատրաստման ընթացքում կատարված ծախսերն իրենից բռնագանձելու պահանջով: Գ. Պապյանը  հայտնել է, որ ինքը նման պայմանագիր չի ստորագրել, իսկ դատարան ներկայացվել է  ոչ թե իր, այլ կեղծված ստորագրությամբ փաստաթուղթ: Կատարված կեղծիքի վերաբերյալ վերջինս դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց  եւ հաղորդում տվել Հատուկ քննչական ծառայությունում, որի հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական գործը:

Այսպիսով,  Լուիզա Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ