Մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. «Հալո Թրասթ»
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը:
«Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը եւ ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարեւորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:
Վարչապետը ողջունել է ներկաներին եւ իր խոսքում, մասնավորապես, նշել. ««Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարեւոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին եւ բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի եւ Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը եւ միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»: