«Հրաշքները երկնքում են լինում. երկիրն ապրում է երկրային սպասելիքներով»
«Հրաշքները երկնքում են լինում. երկիրն ապրում է երկրային սպասելիքներով: Այնպես որ, ԱԺ ընտրությունների արդյունքում որեւէ հրաշք տեղի չունեցավ»,- ամփոփելով ընտրական գործընթացը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ արտահայտեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«ՀՀԿ-ն մեծամասնություն է, եւ կոալիցիայի կարիք չի ունենա: Բայց ամեն դեպքում, կոալիցիան կպահպանվի ՀՅԴ-ի հետ: Մյուս կուսակցությունները բավականին թույլ էին: Երբ տարբեր սոցիոլոգիական հարցերով ինձ դիմած յոթ քաղաքական ուժերին ներկայացնում էի սպասվելիք պատկերը, նրանք չէին հավատում: Շատ ուժեր անգամ չկարողացան մոտենալ նվազագույն շեմին», – նշեց Ադիբեկյանը:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին և Գագիկ Ծառուկյանին՝ Ադիբեկյանը շեշտեց. «Նա ընտրողներին ընդունում է որպես միասնական զանգված եւ կարծում, որ այդ զանգվածից իրեն շատերն են սիրում: Գագիկ Ծառուկյանը մի քիչ ինքնասիրահարված է, նարցիցիզմով է տառապում: Մինչդեռ հաշվի չի առնում, որ ընտրազանգվածը բաղկացած է տարբեր սեռային, կրթական խմբերից»: