Հավասարակշռված լուսաբանում է եղել․ Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարյանն այսօր ներկայացրեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4-ն ընկած ժամանակահատվածում։
Նա նշեց, որ հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել:
Բորիս Նավասարդյանը առանձնահատուկ ընդգծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները.
«Լևոն Տեր-Պետրոսյանը թե նախագահության ընթացքում, թե քաղաքականությունից հեռանալուց հետո, թե ընդդիմություն լինելու ընթացքում հիմնականում շփվել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ, որևէ անգամ տաղավար չի գնացել, հարցազրույցներ տվել է տանը»,- ասաց նա՝ նշելով, որ նույնն էլ Գագիկ Ծառուկյանին է վերաբերվում:
«Դա պատմական իրադարձություն է: Նշանակում է, որ հեռուստատեսությունը շարունակում է մեծ նշանակություն ունենալ»,-ասաց նա:
Բանախոսը նշեց, որ կրկին բացակայեցին թեկնածուների միջև բանավեճը.
«26 տարվա անկախ ու ժողովրդավարական, զարգացած երկիր դառնալու հավակնություն ունեցող պետությունում բանավեճերի բացակայությունն արդեն դառնում է նյարդայնացնող։ Եթե կամավոր չեն անցկացվում բանավեճերը, ապա պետք է օրենքով գոնե մեկ անգամ պետք է պարտադիր լինի»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նշեց նաեւ, որ տարածքային ցուցակներում ներառված թեկնածուների հավասար իրավունքը չի պահպանվել։
«Առանձին պատգամավորներ, ովքեր հրավիրվում էին հեռուստաեթեր ունեին ահռելի առավելություն, մյուսները զրկված էին այդ հնարավորությունից»,- ասաց նա։
Բանախոսը նշեց, որ Ամենաշատը լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է, երրորդում՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը։