Ով էր ապրիլի 2-ին «սալյուտ խփում». Առավոտ
երբ ընտրատեղամասերը փակվեցին եւ որոշ տեղերում արդեն հայտնի էին ընտրությունների արդյունքները եւ այս կամ այն ուժի հաղթանակած լինելը, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեկի մյուսի հետեւից հրավառություններ էին լինում: Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, իրենց հաղթանակը հրավառությամբ մասնավորապես նշել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ռեյտինգայինով առաջադրված որոշ թեկնածուների շտաբերը:
Տոնական այդ տրամադրությունը բուռն քննադատության արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին լրանալու ֆոնին, որը հենց ապրիլի 2-ին էր: Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն ասաց` «Ես չգիտեմ` իրականում ովքեր են դրանք եւ նույնիսկ չգիտեմ թե նրանք իրենց վերադասից ինչ հրահանգ ունեն: Հնարավոր է դրանք թաղի խուժանի մակարդակով եղած բաներ լինեն:
Նրանք այդպես շռնդալից նշել են ոչ թե իրենց կուսակցության հաղթանակը այլ՝ իրենց կատարողական հաղթանակը՝ ինչքան մարդ են բերել, ինչքան հաջողություն ունեցան եւ այլն եւ այդ իմաստով ես չեմ կարող ասել, թե այդ ուրախության ցուցադրության իմպուլսները որտեղից են եկել, բայց, իհարկե, նույնիսկ ամեն ինչից զատ, նույնիսկ, եթե իրենք մոռանային մեր 100-ից ավելի զոհված տղաների այդ օրերի ծանրագույն շրջանը, նրանց ընտանիքների կրկին սրված այս օրերի ողբերգությունը, մեր հասարակության մեջ հենց հիմա տեղի ունեցող ծանր ցնցումները, որոնք ոչ մի վայրկյան չդադարեցին ընտրությունների օրը, այսինքն՝ սա պարզ ցուցադրություն է, որ այս մարդիկ իրենք բարոյականության եւ հասարակության նորմերից դուրս բերած մարդիկ են:
Դուրս բերած են իրենց ամբողջ վարքով, ոչ միայն հասարակության գլխին սառը ցնցուղ մաղող հրավառություններով այլ` երեկվա իրենց պահվածքով, ընտրակաշառքների բաժանումով, իրենց հաջողությամբ արված կեղտոտ գործի հաղթանակի նշումով: Տխուրն այն է, ինչ-որ մենք միշտ ասում ենք` բարոյական արժեքների խեղում է, դրա սովորական, մի քիչ ավելի բաց, ցայտուն դրսեւորումն էր:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: