Շնորհիվ Կարեն Կարապետյանի
Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթանակի համար կորևոր նշանակություն ունեցավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը:
«Նա կարողացավ կարճ ժամանահատվածում մեծ օգնություն հասցնել ՀՀԿ-ին»,-այսօր քննարկման ժամանակ ասաց Ա. Մարտինովը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն նախկինում մյուս ուժերից հետ էր մնում տեխնոլոգիաների առումով, իսկ հիմա վարչապետը լուծեց այդ խնդիրը:
ՌԳԱ Արևելագիտության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեվի համար մտահոգիչ է ռեյտինգային համակարգը: Նա կարծում է, որ պետք է վերանայվի այս ընտրակարգը, քանի որ սա հնարավորություն է տալիս մեծ ռեսուրներ ունեցող կուսակցություններին մեծ առաջընթաց ունենալ մյուսների նկատմամբ:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ շեշտեց, որ տխուր էր, որ քարոզարշավի ժամանակ գրեթե բացակայել են քաղաքական բանավեճերը: «Հիմա առաջնային հարցն այն է, որ Կառավարությունը պետք է կատարի իր տված խոստումները, դրանք շատ չեն եղել, շռայլ չեն եղել, բայց դրանից է կախված, թե վստահության դեֆիցիտը կլուծվի, թե ոչ»: ՀՀԿ-ի հաղթանակի վերաբերյալ քաղտեխնոլոգը նկատեց, որ նոր վարչապետի շնորհիվ է հաջողվել այն տանել, ինչպես նաև սխալների վրա կատարած աշխատանքն է օգնել, սակայն ամեն դեպքում առանց վարչապետի նման արդյունք չէր կարող լինել: