25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է Կիպրոսի առանձնահատուկ տեղը Հայաստանի համար՝ որպես եղբայրական երկիր, որի հետ մեզ կապում են ոչ միայն մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող պատմամշակութային բազմաթիվ առնչությունները, այլև փոխադարձ խոր հարգանքի ու ջերմության վրա խարսխված արդի միջպետական սերտ հարաբերությունները:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ քառորդ դարի ընթացքում հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա, և միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի վերաբերյալ մենք ունենք լայն փոխըմբռնում:

Էդվարդ Նալբանդյանը, մեծապես կարևորելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի դրանք առավել զարգացնել ու խորացնել` ի շահ և ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Իոաննիս Կասուլիդեսն իր ուղերձում նշում է, որ բարեկամական և եղբայրական կապերը, ինչպես նաև մեր պետությունների միջև առկա ամուր փոխհարաբերությունները շատ ավելի խորն են, քան վերջին 25 տարիները, ու շեշտում է, որ Կիպրոսը և Հայաստանը միայն ընդհանուր արժեքներ ու ավանդույթներ չէ, որ ունեն, այլ նաև կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով:

Իր նամակում նախարար Կասուլիդեսն ընդգծում է, որ բազմաթիվ փորձությունների առկա ժամանակաշրջանում Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Կիպրոսի արտգործնախարարը շեշտում է, որ ակտիվ երկկողմ հարաբերությունների համար մենք ստեղծել ենք ամուր հիմքեր, որոնք հաջողություն կբերեն մեր հետագա համագործակցության ընթացքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ