“Հայաստանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի վասալը չէ”. Ալեքսանդր Արզումանյան

“Հայաստանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի վասալը չէ, որպեսզի երկրի նախագահին ինչ-որ տեղ հրավիրեն եւ ստիպեն հապճեպ որոշում կայացնել” այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը:
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշումն ակնհայտ է.” «Որպես ընդդիմադիր պատգամավոր՝ հավաստի տեղեկություններ չունեմ երկու երկրների նախագահների հանդիպման մասին, սակայն դատելով հապճեպ կայացրած որոշումից՝ ակնհայտ է, որ նրա վրա ճնշում են գործադրել: Նման տպավորություն ունեն նաեւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, որ Հայաստանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել”,-եզրակացրել է նա:
Մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դիտարկել է.” Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի համար նշանակում է սահմանել առևտրային հարաբերությունների խորությունը: Եվ կախված քաղաքական հարաբերությունների մակարդակից, առաջարկվում են տարբեր ձևեր. դա մաքսային միություններն են, ազատ առևտրի գոտիները և մեզ առաջարկվող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը”:
Արզումանյանը նաեւ հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են այն մասին, որ ԵՄ հետ բանակցություններ են տարվում եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում պետք է փաստաթուղթ նախաստորագրվի: