06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետականը եղել և մնում է Հայաստանի ամենաընդունված և մրցունակ կուսակցությունը. Հ. Նաղդալյանը ամփոփում է ընտրարշավը

-Կխնդրեինք ամփոփել քարոզարշավի ընթացքը և նշել այս ընտրությունների առանձնահատկությունը:

– Գլխավոր առանձնահատկությունը՝ փոփոխված Սահմանադրությամբ մենք անցկացնում ենք համապետական ընտրություններ, ձևավորում ենք բարձրագույն օրենսդիր մարմին, և այլևս չենք ունենալու համապետական նախագահական ընտրություններ:

Սահմանադրության փոփոխությունից հետո մենք նաև արմատական փոփոխության ենթարկեցինք Ընտրական օրենսգիրքը, որով ձևավորեցինք քաղաքական ուժերի համար մաքսիմալ հնարավորություններ՝ ներկայանալու և ներկայացնելու ապագայի իրենց տեսլականը: Քաղաքական ուժերի միջև կատարվեցին շատ ակտիվ միավորումների, համախմբումների , տարանջատումների գործընթացներ, ձևավորվեց առողջ մրցակցության դաշտ, որը , թերևս, այնքան էլ գաղափարական հենքի վրա չէր կառուցված, սակայն ,այնուամնայնիվ, կարող ենք ասել, որ ընտրությունների համար ապահովեցին բարձր մրցակցային մթնոլորտ:

– Չե՞ք կարծում,  որ նախընտրական այս ընտրարշավը լի էր օրենքների խախտումներով , սուր իրավիճակներով, որոնք արձանագրվեցին քարոզարշավի գրեթե ողջ ընթացքում:

-Համեմատելով նախորդ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ՝ կարող ենք ասել, մենք էական քայլ ենք կատարել դեպի առաջ, և այս ընտրությունների քարոզարշավի փուլը բավականին տարբերվում էր նախորդներից ՝ նաև նեգատիվ, բացասական երևույթների քանակով: Գրեթե բոլոր սուր պահերը , վերջին հաշվով, փուչիկի պես պայթում էին: Պատկան մարմինները բավական օպերատիվ աշխատանք էին իրականացնում, արագությամբ արձագանքում յուրաքանչյուր դեպքին, և հանրությունը հստակ հնարավորություն ունեցավ տեսնելու, որ իրականում այդ խախտումների հիմքում ոչինչ չկա:

-Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին բնորոշ խնդիրը ընտրակաշառքն է դարձել, այս մասին այսօր բարձրաձայնում են բոլորը: Ի՞նչ կասեք այս մասով:

– Այս ընտրությունների դեռևս քարոզարշավի փուլը չմեկնարկած , առաջին իսկ օրերից սկսեցին խոսել ընտրակաշառքի մասին և մինչ այս պահը շարունակում են: Կարծում եմ, և՛ լրատվական, և՛ ընդդիմադիր դաշտի մեր հարգելի գործընկերները պետք է ևս մեկ անգամ խորանան-վերլուծեն այն փոփոխությունները, որոնք արված են Ընտրական օրենսգրքում , որոնք իսկապես արմատական բնույթ ունեն, և դրանք իսպառ վերացրել են թե՛ բազմաթիվ, մինչ օրս հայտնի տարաբնույթ խախտումների , թե՛ ընտրակաշառքի հիմքը և իմաստը: Նախկինում գոյություն ունեցող բազմաթիվ ընտրախախտումներ այլևս բացառված են և նույնկերպ նաև վերացած ու հիմնազուրկ է դարձել ընտրակաշառք բաժանելու դրդումը, որովհետև գոյություն չունի որևէ հնարավորություն , մեխանիզմ ընտրողի քվեն ստուգելու, վերահսկելու կամ տրված ընտրակաշառքի դիմաց հաշվետվություն ստանալու: Հետևաբար , նոր Ընտրական օրենսգրքով ընտրակաշառքի գոյությունը , որպես այդպիսին, բացարձակ անիմաստ է դառնում :

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրությունների արդյունքներից և Ձեր կուսակցության շանսերը որքան բարձր եք գնահատում:

-Պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում կատարված հարցումների տրամաբանությունը և նաև մեր հանդիպումները ընտրողների հետ , ընդհանուր տրամադրվածությունը ակնհայտորեն ցույց են տալիս, որ, իսկապես, Հանրապետականը եղել և մնում է Հայաստանի ամենաընդունված և մրցունակ կուսակցությունը: Այս ընտրարշավի ընթացքում Հանրապետականի քվեների վրա շատ էական ազդեցություն կունենան ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը , Հանրապետականի ծրագիրը , որը , թերևս, ամենաիրատեսականն է , ինչպես նաև՝ ողջ կուսակցական թիմը, որը լծված է աշխատելու մարդկանց վստահությունը արդարացնելու ուղղությամբ՝ ինչպես այս ընտրության ժամանակ, այնպես էլ հետագայում՝ բարձր քվե ստանալու դեպքում: Վստահ եմ, որ ՀՀ նախագահի հայտարարած ազնիվ, անբասիր ընտրությունները մենք կարողանալու ենք իրականություն դարձնել և ձևավորել բարձր, լեգիտիմ իշխանություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ