Հայաստանն ԱՊՀ երկրներից միակն է, որ քվեարկության նորարարական համակարգ է ներդրել․ Լեբեդեւ
Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ միակն է, որ ներդրել է քվեարկության համար տեխնիկական նորարար համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազնիվ ու թափանցիկ ընտրություններ։
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
«Տեխնիկական միջոցների այդ նորամուծությունը չկա ԱՊՀ ոչ մի երկրում, մենք հետաքրքրված ենք դրանով: Հուսով ենք որ այդ տեխնիկական նորարար միջոցների կիրառման պատրաստելու հսկայական աշխատանքները, քվեարկության նոր մեթոդաբանությունը թույլ կտա ընտրություններն անցկացնել հանգիստ և կազմակերպված»,- ասել է նա։
Սերգեյ Լեբեդևը դրական է գնահատել նաև նախընտրական գործընթացը։ Նա նշել է, որ ԱՊՀ դիտորդները որևէ խախտում չեն գրանցել, և որևէ բողոք չի ներկայացվել նաև քաղաքացիների կողմից։
«ԱՊՀ անդամ 8 երկրներից շուրջ 20 դիտորդները մարտի 14-ից գտնվում են Հայաստանում, իսկ մյուսները շուտով կժամանեն: Նրանք արդեն եղել են ՀՀ 8 մարզերում, մի շարք հանդիպումներ ունեցել։ ԱՊՀ երկրներից ՀՀ ԱԺ ընտրություններին կհետևի 172 դիտորդ` Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից»,- ասել է նա՝ հույս հայտնելով, ընտրությունները կանցնեն կազմակերպված։