Թեկնածուն հեռանում է «Ծառուկյանից» հանուն «Հանրապետականի»
«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով Արագածոտնի մարզում պատգամավորի թեկնածու Նարինե Առաքելյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը «Ծառուկյան» դաշինքի հետ եւ աջակցելու է նույն ընտրական տարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանին:
Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի եւ թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձեւը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ եւ հանդես եմ գալիս հետեւյալ հայտարարությամբ.
«Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ Արեւմտյան Հայաստանում եւ միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը եւ արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ եւ վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը եւ հարգանքը»: