ԲՀԿ-ն կլքի ԱԺ շենքը
“Որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել այս լեզվով”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ նշելով, թե Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործընթացը համարում են քաղաքական հետապնդում նաեւ ուղղված ԲՀԿ-ի դեմ:
“Մեր պատգամավորների ելույթներից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցությունը այս քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի որեւէ քննարկմանը”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներից հետո խմբակցության պատգամավորները կլքեն ԱԺ նիստերի դահլիճը եւ ԱԺ շենքը, իսկ խմբակցության հետագա մասնակցության հարցը ԱԺ աշխատանքներին կքննարկեն հետագայում:
Զոհրաբյանի խոսքով, ասվածը չի նշանակում, որ այս հարցի շուրջ քվեարկության ժամանակ ԲՀԿ պատգամավորները չեն լինի տարածքում եւ չեն հսկի քվեարկությունը: “Մեզ համար արդեն պարզ է, թե քվեարկությունը ինչպես է ընթանալու: Ես կրկնում եմ, ֆիքսված են լինելու Կենտրոն Հ/Ը տեսախցիկները: Ես հորդորում եմ, չփորձել որեւէ միջոցով խեղաթյուրել քվեարկության արդյունքները”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջում նա դիմեց ԱԺ խմբակցություններին, որոնք դեմ են այս միջնորդությանը, չմասնակցել քվեարկությանը: “Մասնակցելով այս միջնորդությանը, դուք ուղղակիորեն կլեգիտիմացնեք այս ֆարսը: Կրկին անգամ հորդորում եմ բոլորին, չմասնակցել քվեարկությանը, վաղը կլինի, թե երբ: Այս կերպ մենք մեր միաձայն անհամաձայնությունը կհայտնենք Հայաստանում քաղաքական հետապնդմանը”:
Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմելով նրան ասաց.”Տիկին Զոհրաբյան, Ձեր դիտարկումների մեջ որոշ դեպքերում օբյեկտիվ չէիք”: