Ինչո՞ւ մեկ ուրիշ երկիր կարող է անել, իսկ մենք՝ ոչ (տեսանյութ)
Ռ-Էվոլյուցիա հաղորդման ժամանակ անդրադառնալով հարցին, թե մեր երկրի գլխավոր խնդիրներից են մնում կոռուպցիան, մենաշնորհները, բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը թելը դանում է դեպի ներդրումներ` վարչապետն ասել է.
«Արդար, մրցակցային դաշտ ստեղծելով, իրավագիտական, հարկային դաշտի բարեփոխումներով, լիցենզիաների կրճատումով: Ավելին, մենք արդեն դա սկսել ենք: Ես բազմիցս ասել եմ՝ ինչու մեկ ուրիշ երկիր կարող է անել, իսկ մենք՝ ոչ»:
Դիտարկման, թե այլ երկրների մոտ քաղաքական կամք է եղել, վարչապետն արձագանքել է, որ լինելով այն երկրներում, որոնք վերջին 30 տարվա ընթացքում բարեփոխումներ են իրականացրել, հանդիպել է այն իրականացնողների հետ:
«Այդ ամենն իրականացնելու համար հարկավոր է` առաջինը՝ ծրագիրը պետք է լինի համարձակ, երկրորդը՝ իրատեսական, երրորդը՝ թիմը, որ դա անում է պետք է ունենա կամք, նպատակասլացություն և որոշ դեպքերում կոշտություն: Ես կարծում եմ, որ մեր թիմն այդ երեք հատկանիշներն ունի»:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնում առաջին բարեփոխումը վերաբերում է հարկային-մաքսային ոլորտին: Բացի այդ, 2017 թվականի երկու ամիսների համեմատությունը 2016 թվականի նույն ամիսների համեմատ ցույց է տալիս, որ սեփական եկամուտների աճ կա:
«Բայց ինձ նույնիսկ այդ թվերը չեն ուրախացնում, որքան բովանդակությունը, որովհետև մենք կանխավճար չենք գանձում: Եթե բերենք հին տարբերակին, այդ աճը կարող էր ավելին լինել: Դա ցույց կտա, որ մենք ռեալ աշխատում ենք ստվերի դեմ, որովհետև այս թվերի մեջ մեծ մասը ստվերից եկած թվերն են: Հարկային դաշտը պետք է մաքսիմալ պարզեցված լինի, ինչքան բարդ, այնքան կոռուպցիոն ռիսկերը շատ են»,-հավելել է վարչապետը: