Մահացել է Լեւոն Անանյանը

66 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Անանյանը:
Լեւոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում եւ միաժամանակ խմբագրել “Մանկավարժ”» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել “Գարուն” գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է “Գարուն” ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է “Ապոլոն” հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ եւ պաշտոնավարում էր մինչ օրս: Դասախոսել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Լեւոն Անանյանը “Նոյեմբերյան” հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել եւ խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։
2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։