Իմ համար է՞լ եք գալու. Վահան Հովհաննիսյանը` Աղվան Հովսեփյանին
“Սա այն դեպքը չի, որ մարդուն անձեռնմխելիությունից զրկելով մասնակցում ենք արդարադատությանը”,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությանը:
Վահան Հովհաննիսյանը տարակուսեց, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը միջնորդագիրը դիտում որպես միջոց, որ Օսկանյանն ապացուցի իր անմեղությունը: “Իրավաբան չկա՞ր ձեր մեջ, որ ասեր`մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը, էդ իրավապահներն են պարտավոր ապացուցել, որ ինքը մեղավոր է”:
Վահան Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց նաեւ, թե ինչու առանց դատարանի որոշման “քչփորեցին” Օսկանյանի բանկային հաշիվները:
ՀՅԴ-ական պատգամավորը մտավախություն հայտնեց, որ գուցե ինքն էլ հայտնվի Օսկանյանի կարգավիճոկում, քանի որ կոորդինացնում է դեպի Սիրիա ուղարկվելիք բարեգործական օգնությունը եւ հանգանակությունը կուտակվում է իր հաշվի վրա:
“Հիմա ես արդեն լուրջ մտահոգ եմ, ինչու ես այս ամեն ինչ տակ մտա: Վաղը կմտնեն միջնորդությամբ ինձ` “Օգնիր եղբորդ” ծրագրի համար ու դուք կգնաք կքննարկեք կամ կզանգեք ու ինձ հնարավորություն կտաք պաշտպանվելու` ապացուցելու, որ ես մեղավոր չեմ”,-հայտարարեց նա:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատգամավորները մեկ այլ ծայրահեղության մեջ էլ ընկան` մեղադրելով Օսկանյանին շպիոնաժի մեջ, /նկատի ուներ Նիկոլ Փաշինյանի ելույթը,-Մ.Ղ./
Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Նա դիմելով ԱԺ մեծամասնությանը` նշեց, թե Օսկանյա՞նը պիտի լիներ նախագահի հայտարարած հակակոռուպցիոն ծրագրի առաջին քայլը: Պատգամավորի խոսքով, իրենք սրա հետ համաձայն չեն:
Վերջում Վահան Հովհաննիսյանը դիմեց գլխավոր դատախազին.”Իմ համար է՞լ եք գալու, ասեք, որ ոչ մեկին չօգնենք, նվիրատվություն չընդունենք”: