Պատգամավորը դիմել է Տիգրան Սարգսյանին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(4)_1378121811.jpg)
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: Դիմումում մասնավորապես ասվում է.
|
Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Մամուլից տեղեկացա, որ կառավարությունը ծրագրել է 2014 թվականից վերսկսել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը և սահմանել ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման առաջնահերթությունների նոր չափանիշներ:
2006 թվականի մարտի 16-ին ընդունված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 352-Ն որոշմամբ այնպիսի կարգ է սահմանված, որ հաճախ անձը դիմում է փոխհատուցում ստանալու համար և նրան հասանելիք փոխհատուցումն ուշանում է և մինչ իր հերթը հասնելը նա մահանում է, իսկ նրա ժառանգները հնարավորություն չունեն ստանալու նշված միջոցները:
Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության հայտնած տվյալների համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակներում ընդգրված շուրջ 62 800 ավանդատուներից 2012 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով դադարեցվել են 7 657 մահացած անձանց ավանդի փոխհատուցման գործերը:
Վերոգրյալը հաշվի առնելով և ղեկավարվելով “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետով՝ առաջարկում եմ առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները: