“Փառք ու պատիվ Սամվել Ալեքսանյանին … ”. դետեկտիվ զավեշտի է վերածվում /լրացված/վիդեո/
“Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը այսօր` սեպտեմբերի 2-ին շարունակեց բողոքի ակցիաների շարքը Փակ շուկայի մոտ: Մինչ ակցիայի մեկնարկը ակտիվիստների դեմ բողոքի դուրս եկան նախկինում Փակ շուկայի առևտրականները: Նրանք պահանջում են, որպեսզի շարունակվի շուկայի շինարարությունը, և իրենք ունենան իրենց տաղավարները վերանորոգված շուկայի տարածքում:
“Ձեռքներդ ետ տարեք Սամվել Ալեքսանյանից: Ինչ եք ուզում էդ մարդուց: Հայաստանի միակ իսկական բարեգործն ա, մաքրել ա շուկան կռիսներից, փառք ու պատիվ Սամվել Ալեքսանյանին”,- բղավում էին ակցիայի մասնակիցները:
Նրանք պնդում են, որ իրենք էլ իրենց հերթին պայքարելու են, որ շուկայում ընթացող շինարարությունը շարունակվի:
Ի դեպ, մեր թղթակիցը տեղեկացնում է, որ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժումը չի եկել նախապես իրենց կողմից հրավիրված ակցիային: Քիչ առաջ Henaran.am-ի լրագրողը զրուցեց նախախորհրդարանի անդամ, ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:
Հարցին, թե ինչու չի կայացել իրենց կողմից հրավիրված ակցիան, Տ. Խզմալյանը պատասխանեց. “Այս պահին մենք հեռվից հետևում ենք, թե որքան մարդիկ են հավաքվել, բերվել Սամվել Ալեքսանյանի կողմից, որոնք այսպես ասած` “Երևան սիթի” խանութների ցանցի աշխատակիցներ են: Մենք բոլորս հայեր ենք և չենք կարող թույլ տալ բախում մեր համաքաղաքացիների միջև: Մեր ակցիան մենք անպայման կիրականացնենք, սակայն մի փոքր ավելի ուշ”, – հավաստեց նա:
Տ. Խզմալյանը նշեց նաև, որ իրենք փորձելու են բացատրական աշխատանքներ տանել այստեղ հավաքված մարդկանց հետ, ովքեր պաշտպանում են շուկայի սեփականատիրոջ շահերը:
Նա ասաց նաև, որ մարդիկ, ովքեր Սամվել Ալեքսանյանի շահերն են պաշտպանում, ստիպված են, որովհետև նրանց հետևողներ կան:
Henaran.am-ի թղթակիցն աշխատում է տեղում: Մանրամասները շուտով` տեսանյութում: